Արմեն Ղուլարյանը Փաշինյանի հեղափոխության խորհրդանիշ

Արմեն Ղուլարյանը, որը 16 տարի, այն էլ «հին» իշխանությունների ժամանակ գլխավորել է Տավուշի մարզը, այսօր ղեկավարում է Քաղաքաշինության կոմիտեն, ճիշտ է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, բայց ամեն ինչ անում է, ինչպես պնդում են օդում կախված լուրերը, որ Վահագն Վերմիշյանին փոխարինի հենց ինքը ղեկավարի կոմիտեն: Հիշեցնենք, որ Վերմիշյանը ձերբակալվեց այս տարվա փետրվարի 5-ին:

Ամենատխուրն այս պատմության մեջ այն է, որ Արմեն Ղուլարյանը Քաղաքաշինության պետի պաշտոնը ձեռք բերելու համար, կրկին շրջանառվող լուրերի համաձայն, պատրաստակամություն է հայտնել «հների» դեմ գործեր տալ: Եւ քանի որ առանձնապես ասելու բան էլ չկա, բացի այդ էլ իրեն գրեթե ոչինչ հայտնի չէ, նա անցել է բլեֆին, եւ հանուն իր կարճաժամկետ շահերի հորինում է տարատեսակ պատմություններ Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար: Կարճ ասած, Արմեն Ղուլարյանը իր կարիերան կառուցում է սուտ մատնությունների վրա:

Ասում են, որ Արմեն Ղուլարյանն արդեն իսկ արժանացել է Փաշինյանի բարեհաճությանը եւ շուտով կնշանակվի կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ ինչպես պնդում են որոշ լավատեղյակ աղբյուրներ, Ղուլարյանին է բաժին հասել նաեւ Երեւանի կենտրոնում գտնվող Մանկական այգին:

Իջեւանցիները պնդում են նաեւ, որ դեռ մարզպետի պաշտոնում Արմեն Ղուլարյանն ակտիվորեն զբաղվել է Փաշինյանի նեղ շրջապատի բիզնես շահերը սպասարկելով, արժանանալով ընդդիմադիր Փաշինյանի բարեհաճությանը:

Արմեն Ղուլարյանը դասական «հին» գործիչ է, բայց հաջողությամբ աշխատում է հեղափոխականների հետ եւ մեծ է հավանականությունը, որ անգամ ժպ-ից կվերածվի կոմիտեի նախագահի: Գուցե դրան օգնում է ոչ միայն ստանձնած պարտավորությունը, այլ նաեւ նրա մի քանի այլ հատկանիշներ:

Նրան ավելի լավ ճանաչելու համար բերենք մի քանի օրինակ: Այսպես, երբ նա դեռ մարզպետ էր եւ մի օր գործի բերումով այցելել էր գյուղերից մեկը, դպրոցի ուսուցչուհիներից մեկն ասում է՝ գիտեք, ես համալսարաններում էի դասախոսում, Երեւանում ապրում, բայց տեղափոխվել եմ գյուղ եւ այստեղ ապրում ու աշխատում դպրոցում, ինչին մարզպետը պատասխանում է՝ իբր մի լավ բան ես արել, դեռ գլուխ էլ գովում ես, եւ ձեռքը թափ տալով առաջ է անցել: Փաստորեն ժողովուրդը հարյուր հազարներով դուրս եկավ փողոց, որ Արմեն Ղուլարյանն իրականացնի իր մանկության երազանքը եւ ստանա իր երազանքի պաշտոնը:

Հիմա նա գյուղից տեղափոխվել է քաղաք եւ հասնում է իր երազանքներին: Ի դեպ, ժամանակին նա հպարտանում էր, որ Սուրիկ Խաչատրյանի ընկերն է: «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու» թեւավոր խոսքը Ղուլարյանի դեպքում կիսով չափ է գործում։ Ղուլարյանը ընկերներ ձեռք է բերում եւ փոխում ըստ քաղաքական նպատակահարմության։

Ասում են, իշխանափոխությունից հետո, երբ Սուրիկ խաչատրյանը հիվանդ է, այն էլ ծանր, ոչ փորձում է հանդիպել նրան, ոչ զանգել, ոչ էլ հետաքրքրվել որպիսությամբ: Իսկական հեղափոխական մտածողություն։

Այս պատմությունը խոսում է ավելի խորքային պրոբլեմի մասին։ Եթե դու կկատարես Փաշինյանի ցանկությունները, կուրանաս քո ընկերներին, քո անցյալը, ապա կհամարվես «նոր» Հայաստանի մարդ:

Հակոբ Ասատրյան

Այս թեմայով
am