Ռուսաստանում մտադիր են ամռանը սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը

Մինչև ամառվա վերջ․ այսպիսի ժամկետ է դրվել Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծումից մինչև զանգվածային արտադրություն գործընթացն անցնելու համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Գամալեայի անվան միկրոբիոլոգիայի և համաճարակաբանության ԳՀԻ-ի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Նա նշել է, որ իրենց առջև նման ժամկետ է դրվել համավարակի իրավիճակով պայմանավորված։ Ու թեև, ըստ մասնագետի, միանգամից մեծ արտադրություն դնել ու բոլորին պատվաստանյութով ապահովել չի հաջողվի, բայց առողջապահության համակարգը պատրաստվում է դրան։

Այժմ, ըստ ինստիտուտի տնօրենի, իրենք արդեն ավարտել են մինչկլինիկական փորձարկումները փոքր կաթնասունների վրա։ Արդյունքները, ըստ նրա, բավարարում են իրենց․ թունաբանության տեսանկյունից դիտարկումները դրական արդյունքներ են ունեցել։ Մասնագետները տեղեկացրել են, որ հիմա փորձարկումները շարունակում են կապիկների վրա, և նախնական արդյունքները նույնպես դրական են։

Դրանից հետո ինստիտուտը դիմելու է երկրի առողջապահության նախարարությանը՝ մարդկանց վրա փորձարկումներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Ինտիտուտի տնօրենը հայտնել է, որ նախարարությունը մտադիր է արագացված կարգով դիտարկել իրենց հայտը, և իրենք հույս ունեն թույլտվություն ստանալ մինչև հունիսի 15-ը։

Այս թեմայով
am