Եթե մոտակա օրերին չդադարեցվեն այս ծիծաղելի, շինծու քաղաքական հետապնդումները, ես աննպատակ կհամարեմ շարունակել ֆեդերացիայի հետագա կառավարումը. Արթուր Գևորգյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Բռնցքամարտի աշխարհի հարգելի ներկայացուցիչներ և մարզասերներ: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել վերջին շրջանում իմ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և գործողությունների մասին:

Անքննելի է մի բան. իմ նկատմամբ կիրառվող գործողությունների արդյունքում չպետք է տուժի որևէ մարզիկ կամ մարզիչ: Հետևաբար, պարտքս եմ համարում Ձեզ ներկայացնել որոշ մանրամասներ ստեղծված իրավիճակից: Եվ ասպես...

Պետության կողմից ֆեդերացիային տրվող դոտացիան՝ տարեկան 110 միլիոն դրամի չափով, մենք իրավունք ունենք բացառապես ծախսել համապետական, միջազգային, պաշտոնական մրցաշարերի կազմակերպման և մասնակցության նպատակով: Երբևէ այդ գումարից չեն պարգևավատրվել մարզիչները, մարզիկները և ֆեդերացիայի աշխատակիցները:

Դրանք միշտ կատարվել են հովանավորների և հիմնականում իմ անձնական միջոցների շնորհիվ: Իշխանությունների կողմից վարվող ստոր, ապիկար, մենաշնորհային քաղաքականության արդյունքում, այսօր իմ նկատմամբ ապօրինաբար կատարվում է քրեական հետապնդում և նպատակային կերպով արգելափակված են իմ անձնական բոլոր հաշիվները, կալանքի տակ են ինձ պատկանող գույքերը, իսկ ֆեդերացիայի հետ համագործակցող ընկերությունները վախվորած մի կողմ քաշվելով դադարեցնում են համագործակցությունը ֆեդերացիայի հետ: 

Արդյունքում տասնյակ մարզիչներ և մարզիկներ, տարիներ շարունակ մշտապես գտնվելով իմ բարոյական և ֆինանսական աջակցության ներքո, այսօր կանգնած են բարդ խնդրի առաջ:

Եթե մոտակա օրերին չդադարեցվեն այս ծիծաղելի, շինծու քաղաքական հետապնդումները, ես աննպատակ կհամարեմ շարունակել ֆեդերացիայի հետագա կառավարումը: Կդադարեցնեմ իմ աշխատանքը` որպես ֆեդերացիայի նախագահ, կնշանակվի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ով էլ օրենքի և կանոնակարգի համաձայն կկազամկերպի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ:

Հատուկ ցանականում եմ նշել, որ 2019 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերում խոշոր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին իմ կողմից խոստացված պարգևատրումները ցանկացած պարագայում մնալու են ուժի մեջ, և կկատարվեն իմ Հայաստան վերադառնալուն պես: Ես միշտ էլ շարունակելու եմ լինել իմ հարազատ մարզաձևի կողքին՝ իմ կապերի, իմ ունեցած հնարավորությունների ամբողջ ծավալով:

Մոտ ապագայում անպայման կներկայացնեմ վերջին 7 տարիներին ,իմ կառավարման շրջանում, բռնցքամարտում գրանցված այն բոլոր ձեռքբերումները ,որոնք իրապես եղել են աննախադեպ:

Իսկ մինչ այդ սպասենք դեպքերի զարգացումներին...

Այս թեմայով
am