Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ 

Բանաձևի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը դեռևս 2019-ի մայիսի 6-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընդունելության ժամանակ էր շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումն իրենց օրակարգում է: 

«Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել էր Միլան Շտյեխը՝ հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու՝ այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից ևս ընդունելու ուղղությամբ: 

2019 թ. հոկտեմբերին էլ Չեխիա կատարած այցի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը ևս Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցն էր բարձրացրել և հիմնական քննարկումը ծավալվել էր Հայոց ցեղասպանության փաստը Սենատի կողմից ընդունելու հարցի շուրջ և Սենատի փոխխոսնակները հայտնել էին, որ նախաձեռնելու են առաջիկա տարվա ընթացքում Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը։ 

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի կողմից քաղաքական ու տնտեսական հսկայական ճնշումներին, արդարության վերականգնման, Ցեղասպանության դատապարտման պատմական իրադարձությունն իրողություն է։ 

Բանաձևի ընդունումը դիվանագիտական խողովակների ճիշտ կիրառման, ներկա և նախկին դեսպանների ամենօրյա և հետևողական նվիրված աշխատանքի և խորհրդարանական բոլոր հարթակներում ձևավորված ջերմ հարաբերությունների արդյունքն է։ 

Հայ ժողովուրդն իր երախտագիտությունն է հայտնում բանաձևի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտյեխին, Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնման և դատապարտման նվիրյալ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկային, բոլոր պատգամավորներին և չեխ ժողովրդին։

Այս թեմայով
am