Հայաստան ներմուծված ավտոմեքենաների թիվը շեշտակի նվազել է. ի՞նչ իրավիճակ է ավտոներկրման շուկայում

2020թ. առաջին չորս ամիսներին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 21 անգամ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ ամփոփելով Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալները։ Նշենք, որ այս տարի ամենից շատ ավտոմեքենաներ ներկրվել են են ՌԴ–ից, Ճապոնիայից, Միացյալ նահանգներից։

Նշենք, որ 2019թ. առաջին չորս ամիսների ընթացքում, երբ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար գործում էին արտոնյալ մաքսատուրքեր, Հայաստան ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր թիվը 33577 էր։ Նույն ժամանակահատվածում ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքը կազմել է շուրջ 45,4 մլրդ դրամ, իսկ վճարված մաքսատուրքի արժեքը 3,5 մլրդ դրամ։

Իսկ 2020թ. առաջին չորս ամիսներին Հայաստան է ներմուծվել 1603 ավտոմեքենա (նախորդ տարվա համեմատ նվազել է 21 անգամ), որոնց մաքսային արժեքը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ (4,6 անգամ ավելի քիչ, քան նախորդ տարի) և վճարվել է շուրջ 404,9 մլն ՀՀ դրամ (8,7 անգամ ավելի քիչ) մաքսատուրք։

Հատկանշական է, որ 2019թ. հունվար–ապրիլ ամիսների ընթացքում ՌԴ–ից Հայաստան է ներկրվել ընդամենը 221 ավտոմեքենա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 653։ Ստացվում է, որ այս տարի՝ մաքսատուրքերի արտոնության վերացումից հետո շուրջ երեք անգամ ավելացել է ՌԴ–ից ավտոմեքենաների ներկրումը։ Եթե վերջին տարիներին մեր հայրենակիցներից շատերը նախընտրում էին ավտոմեքենաներ ներմուծել Միացյալ նահանգներից, ապա մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումից հետո ԱՄՆ–ից բերված ավտոմեքենաների թիվը ևս շեշտակի նվազել է։ Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին չորս ամիսներին Միացյալ նահանգներից ներմուծվել է 13504 ավտոմեքենա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 235 (57,5 անգամ պակաս) ։

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4–րդ հավելվածի համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս մաքսատուրքերն հաշվարկվում են միասնական դրույքաչափով։

Այս թեմայով
am