Լևոն Արոնյանը պարտվեց Սանթոշ Վիդիթին. Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց

Շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության 8-րդ տուրում Եվրոպայի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը, ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ընտրանու հետ:

Մեր շախմատիստը սև խաղաքարերով կրկին մրցեց հնդիկ երիտասարդ գրոսմայստեր Սանթոշ Վիդիթի հետմ որին հաղթել էր առաջին շրջանի մրցախաղում: Այս անգամ Լևոն Արոնյանն անհաջող գործեց վեջնախաղում և զինվոր կորցրեց: Սպիտակները օգտվեցին սևերի սայթաքումից և կարողացան նյութական առավելությունը վերածել հաղթանակի:

Չնայած Լևոն Արոնյանի պարտությանը, Եվրոպայի հավաքականին հաջողվեց հավասարեցնել հաշիվը (հաղթանակ տարավ նախորդ տուրում սայթաքած լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան) և ոչ-ոքօ խաղալ՝ 2:2:

Կայացած ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է Չինաստանի հավաքականը: Երկրորդ տեղ բարձրացավ ԱՄՆ-ի հավաքականը, որն այս տուրում 3:1 հաշվով հաղթեց աշխարհի հավաքական թիմին և միավորների քանակը հասցրեց 11-ին: Եվրոպայի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Հենց ամերիկացի և եվրոպացի շախմատիստները կպայքարեն եզրափակիչի ուղեգիր տվող 2-րդ տեղի համար, քանի որ Չինաստանը ժամանակից շուտ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Ի դեպ, վաղը կայանալիք 9-րդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցելու է հենց ԱՄՆ-ի ընտրանու հետ: Այդ հանդիպումն անչափ մեծ նշանակություն ունի երկու թիմերի համար:

Հիշեցնենք, որ շախմատի միջազգային ֆեդերացիան և Chess.com հարթակը մայիսի 5-ից անցկացնում են շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշար: Մասնակից վեց հավաքականները նախ շրջանաձև մրցակարգով խաղում են իրար հետ՝ օրական անցկացնելով երկուական հանդիպում: Տասը փուլից հետո առաջին երկու տեղերը գրաված թիմերը մայիսի 10-ին եզրափակիչ մրցամարտում կորոշեն հաղթողին:

Այս թեմայով
am