Իշխող քաղաքական ուժը ցանկանում է հանրության աչքում արդարացնել իր պոպուլիստական գործելաոճն ու դիմագիծը

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին տարիներին աշխարհում պոպուլիզմի զգալի աճ է նկատվում։ Եվ մենք ականատես ենք լինում, թե աշխարհի այս կամ այն երկրում պոպուլիստական գործիչներն ու քաղաքական ուժերը ինչպես են փորձում արժանանալ ժողովրդի բարեհաճությանը։

Պետք է նկատի ունենալ, որ պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը՝ խոստանալով, թե արագ լուծում կտան նրանց հուզող խնդիրներին և կբարելավեն սոցիալ-տնտեսական իրավիճակը և այլն։ Իսկ շատ հաճախ պոպուլիստներն այնպիսի խոստումներ են տալիս ժողովրդին, որոնք անիրատեսական են կամ չափազանցված։

Եվ պատահական չէ, որ պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները (ուժի համար պայքարը, իշխանության հասնելը, հարստացումը և այլն) հիմնականում քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով: Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերի շեշտադրման վրա, սակայն դրանով փորձում են իրականում առաջ տանել հենց իրենց սեփական շահերը։

Հիմնականում պոպուլիստներն աչքի են ընկնում իշխանատենչության հատուկ ձգտումով, որի արդյունքում պոպուլիստ առաջնորդները հեշտությամբ դառնում են ավտորիտար դեմագոգներ։ Իսկ պոպուլիստական ժողովրդավարությունը կարող է սահուն անցնել բռնապետության՝ հիմնված պոպուլիստական գայթակղությունների վրա։

Եվ այս հարցում պոպուլիստական քաղաքական ուժերն ու գործիչները, ամբոխահաճո հայտարարությունների միջոցով արժանանալով մարդկանց որոշակի հատվածի բարեհաճությանը, իրենց քաղաքական մտադրությունները և նպատակները ներկայացնում են այնպես, թե իբր այդ մտադրություններն ու նպատակները ոչ թե իրենցն են, այլ ժողովրդինը, իսկ իրենք պետք է գործեն ժողովրդի անունից։

Պոպուլիզմի այսպիսի դրսևորումները տեսանելի են դարձել Հայաստանում, որտեղ երկու տարի առաջ պոպուլիստական քաղաքական ուժերից մեկն, օգտագործելով հանրության շրջանում առկա դժգոհությունները, կարողացավ հասնել իշխանության։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» խոստանում էին, թե ընտրվելուց հետո իրենք այնպիսի քայլեր են ձեռնարկելու, որ ժողովրդի վիճակը կտրուկ բարելավվելու է, մարդիկ դուրս են գալու խեղճ սոցիալ-տնտեսական վիճակից, սակայն նրանց պաշտոնավարումից արդեն իսկ տևական ժամանակ է անցել, իսկ ժողովրդի վիճակի էական բարելավում այդպես էլ չի նկատվում։

Վարչապետ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում ընդգծում է, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է ամեն ինչ որոշում, եթե ժողովուրդը ցանկանա, ապա իրենք կհեռանան և այլն, սակայն երբ հարցը վերաբերում է հանրության համար անընդունելի որոշակի օրենքների ընդունման կամ պայմանագրերի վավերացման հարցին (օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիա), ապա իշխանությունները փորձում են զանց առնել ժողովրդի կարծիքը, և ոչ ոք չի հարցնում, թե ժողովուրդն ինչ դիրքորոշում ունի։

Սրան զուգահեռ՝ գործող պոպուլիստական իշխանությունները, հանրության աչքում իրենց քայլերը լեգիտիմացնելու համար, նշում են, թե դրանք բխում են ժողովրդի մտադրություններից, այդպես է որոշել ժողովուրդը։ Սակայն ժողովրդի փոխարեն իրենք են որոշումներ ընդունում՝ այնպիսի տպավորություն ձևավորելով, թե իրականում ժողովուրդ ասելով՝ միայն իրենց ու իրենց համախոհներին ի նկատի ունեն։

Ու ամենազարմանալին այն է, որ իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից այլ քաղաքական ուժերի են մեղադրում էժանագին պոպուլիզմի մեջ։

Իհարկե, որոշ դեպքերում իսկապես գործ ենք ունենում պարզ պոպուլիզմի հետ, սակայն տարօրինակ է, որ այսպիսի հայտարարություններ հնչում են մի ուժի կողմից, որը շարունակաբար գործել ու հիմա էլ գործում է պոպուլիզմի դաշտում՝ նույնիսկ իշխանության մեջ լինելով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 30.04.20թ. համարում։

Այս թեմայով
am