Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. քաղաքապետարան

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Շտապ օգնության ծառայությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով, առավել եւս՝ այս օրերին: Զգուշավորությամբ, բայց նաեւ միշտ պատրաստ սպասարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին: Այս ընթացքում շտապբուժօգնության ծառայության կողմից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տարվել 1299 քաղաքացի», - նշում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Երեւանի պոլիկլինիկաները ծանրաբեռնված են աշխատում դեռեւս փետրվարից: Հերթապահում են նաեւ շաբաթ-կիրակի: Աշխատում են նաեւ ռենտգեն կաբինետները:

Պոլիկլինիկաներում անմիջապես մուտքի մոտ տեղում չափում են մարմնի ջերմասիճանը, կորոնավիրուսին հատուկ ախտանիշներով քաղաքացիներին ուղեկցում մեկուսարան:

«Ունեինք երկու խումբ՝ արտերկրից ժամանած քաղաքացիներ եւ քաղաքացիներ, որոնք շփում էին ունեցել հաստատված վարակակիրների հետ: Երկու դեպքում էլ սահմանել ենք 14-օրյա հսկողություն»,-ասում է թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Առաջին օրը բժիշկները տնայց են կատարում, հետո արդեն ամեն օր հեռախոսազանգով տեղեկանում քաղաքացիների առողջության մասին, գրանցում ջերմաչափման տվյալները:

Մինչ օրս տնային հսկողություն է իրականացվել 2597 քաղաքացու նկատմամբ: Հսկողությունից արդեն դուրս է եկել 1497-ը, դեռեւս հսկողության տակ է 1100 քաղաքացի:

«Նշված ժամանակահատվածում Նորքի ինֆեկցիոն է ուղեգրվել հսկվող քաղաքացիներից 125-ը, որոնցից 65-ի մոտ թեստը դրական է եղել, եւ հիվանդությունը հաստատվել է»,-ասում է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:

Երեւանի քաղաքապետարանը բուժանձնակազմերի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռք է բերել եւ առողջապական հիմնարկներին տրամադրել պաշտպանիչ անհրաժեշտ պարագաներ:

«Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ծրագրով Երեւանի քաղաքապետարանի կողմից համայնքապատկան բուժհաստատությունների համար գնվել է 50 հազար բժշկական դիմակ, 17 հազար բժշկական խալաթ, 45 հազար բժշկական ձեռնոց եւ ախտահանիչ լուծույթներ: Լուծվել է նաեւ բուժաշխատողների տեղափոխման խնդիրը՝ այդ նպատակով ավտոբուսներ են տրամադրվել»,-ասում է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Որքան էլ բուժաշխատողները զգուշավորություն են ցուցաբերում, այնուամենայնիվ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ 10 բուժաշխատող եւս վարակվել է կորոնավիրուսով, 41-ն էլ մեկուսացված է: Վարակվելու վտանգը, սակայն, համայնքային ենթակայության բուժհաստատությունների մյուս աշխատակիցներին չի կանգնեցնում իրենց առաքելության ճանապարհին:

32 բուժաշխատող, արձագանքելով առողջապահության նախարարության կոչին, միացել է համաճարակը հաղթահարելու գործին լծված հիվանդանոցների անձնակազմերին:

Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ այս օրերին վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. այդ նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների բոլոր աշխատակիցներն ավելի քան 130 միլիոն դրամ են հատկացրել մարտ ամսվա իրենց վարձատրությունից:

Մեզնից յուրաքանչյուրը եւս կարող է միանալ այս պայքարին իր ձեւով՝ մնալով տանը եւ կանխելով վարակի տարածումը:

Այս թեմայով
am