Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել

Ոստիկանները պարզել են ապրիլի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության փողոցում, նույն փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ռոդոլֆ Մելոյանի վրա կրակոցներ արձակած անձի, ինչպես նաեւ նրա հետ գտնվող քաղաքացու ինքնությունը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ, որ նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Կասկածյալներն են Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գագիկ Հ-ն եւ վերջինիս հետ գտնվող Երեւանի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ա-ն։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց, ատրճանակը եւ Mercedes մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 6-ին կրակոցներ էին հնչել Երեւանում: Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված 9 պարկուճ եւ 2 գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել էին ատրճանակից:

Այս թեմայով
am