Ուրախալի լուր տամ՝ էսօր ապրանքների գները նվազել են. ՏՄՊՊՀ նախագահ

«Արտակարգ դրության պայմաններում կա՞ն առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ, ուսումնասիրություններ եղե՞լ են հիմնավորվածության առումով»,- այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Գևորգյանը նախ՝ պարզաբանեց, որ ՏՄՊՊՀ-ն օրենսդրությամբ իրավասություն չունի գները կարգավորելու, գնաճի հետ կապված ևս առնչություն չունի:

«Մենք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների վարքագիծը կարգավորող մարմին ենք, եթե չարաշահում են իրենց դիրքը, այդ թվում՝ գների արհեստական բարձրացման տեսքով, սա է գործ անելու: Չնայած պարետատան կազմում ընդգրկելու առումով 44 ապրանքային շուկայում ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում ենք անում, մարզպետարաններն օգնում են, հակառակ դեպքում անհնար կլիներ իրականացնել մշտադիտարկում, հետևում ենք գների դինամիկային, հարցումներ ենք ուղարկում ՊԵԿ, ամեն մի տնտեսվարող սուբյեկտի մոտ առանձնացված է 1 հոգի պատասխանատու անձ, և իրենք տրամադրում են ձեռքբերման գները»,- ասել է Գևորգյանը:

Նշել է, որ այս պահին  բոլոր ապրանքային շուկաներում ունեն հարուցված գործընթացներ, պարզապես 1 կամ 2 օրում չեն կարող գործ անել ու պատասխանատվության ենթարկել:

«Պետք է բացատրություն ստանանք, լսենք, հետո նոր հասկանանք՝ կա՞ գերիշխող դիրք կամ արհեստական դեֆիցիտ: Գների դինամիկայի մասով ունենք բարձրացումներ, բայց աղաղակող փաստերը, որ կրկնակի բարձրացել են, չունենք: Նայում ենք Երևանում բոլոր խոշոր առևտրի ցանկերը, նայում ենք ներմուծողներին ու արտադրողներին, ապրանքի թանկացումները տեղավորվում են: Ուրախալի լուր տամ՝ էսօր ապրանքների գները նվազել են»,- հայտնել է Գևորգյանը:

Նա նշել է նաև, որ թեև կապ չունեն գյուղատնտեսական ապրանքների հետ, բայց դա էլ են արել:

Այս թեմայով
am