Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել

«Փաստը» գրում է․ 

«Կարծես թե օրինաչափություն է դարձել այն իրողությունը, որ իշխանությունները պարծենում են տարբեր ոլորտներում կարճաժամկետ հաջողություններով՝ չնկատելով այդ ոլորտներում առկա բացերը և խնդիրները։ Իսկ դրա արդյունքում մեծանում է կարճաժամկետ հաջողությունները երկարաժամկետ ձախողման վերածվելու պոտենցիալը։

Անցած տարվանից սկսած շատ էր խոսվում ՀՀ քաղավիացիայի ոլորտում արձանագրված հաջողությունների մասին։ Հատկապես մեծ ոգևորությամբ ընդունվեց Ryan Air և Wizz Air բյուջետային ավիաընկերությունների մուտքը դեպի հայկական ավիաշուկա, և այս ավիաընկերություններին լրացուցիչ արտոնություններ տրվեցին։

Եվ, ըստ այդմ, իշխանությունները մեծ հաջողություն են համարում, որ այս ավիաընկերությունների միջոցով քաղաքացիները կարող են շատ ցածր գներով մեկնել արտասահման, մասնավորապես Եվրոպական երկրներ։

Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում հատուկ ուշադրության էր արժանացնում քաղավիացիայի ոլորտում արձանագրված հաջողություններին։ Ըստ նրա՝ մարդկանց կյանքում տեղի ունեցած լուրջ փոփոխություն է այն, որ նրանք կարող են որոշել և 50 եվրո գումարի միջոցով թռչել, օրինակ՝ Հռոմ և հետ գալ։

Սակայն քաղավիացիայի ոլորտում արձանագրված հաջողությունների մասին Փաշինյանի հայտարարություններից շատ չանցած պարզվում է, որ Հայաստանից 2 ավիաընկերություն դիմել են երրորդ երկրի օպերատոր (Third Country Operator) ճանաչվելու համար՝ ցանկանալով թռիչքներ իրականացնել ԵՄ երկնքում, սակայն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA-ն) եկել է եզրահանգման, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս փոխադրողների շահագործման հատուկ դրույթները (Operations Specifications) թարմացնելիս պարբերաբար չի հետևել սերտիֆիկացման գործընթացին:

Ավելին՝ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողացել երաշխիքներ ներկայացնել, որ պարբերաբար գնահատում է իր կողմից սերտիֆիկացված ավիաընկերությունների թռիչքային անվտանգության կառավարման, թռիչքային պիտանիության համակարգերը և տեխնիկական ծառայություն մատուցող ընկերություններին: Բացի դրանից, ՔԱԿ-ը չի կարողացել պարզել ավիափոխադրողների էական անհամապատասխանությունը անվտանգության միջազգային ստանդարտներին։

Ճիշտ է՝ տեղեկություններ շրջանառվեցին, թե Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից, սակայն խոսքը լիցենզիայից զրկելու մասին չէ, քանի որ հայկական պետական մարմինը ոչ մեկի կողմից լիցենզիա չի ստանում և չի կարող զրկվել, այլ հարց է, որ քաղավիացիայի կոմիտեի թերացումների արդյունքում ՀՀ գրանցում կրող օդանավերի մուտքը կարող է արգելվել ԵՄ տարածքում:

Իսկ սա ինչի՞ հետևանք է. նրա, որ իշխանությունների կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել քաղավիացիայի ոլորտի թերացումները շտկելու հարցը, ինչի արդյունքում հայկական ավիաընկերությունները լուրջ պրոբլեմի առաջ են կանգնել։ Իսկ պետության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի առաջին հերթին հայկական ավիաընկերություններին օժանդակելը, և միայն հետո արտասահմանյան բյուջետային ավիաընկերություններին արտոնություններ տալը։

Այնինչ, որոշ բյուջետային ավիաընկերություններին չափից ավելի շատ արտոնություններ տալը կարող է նաև վտանգավոր հետևանքներ ունենալ հայկական ավիաշուկայի համար։ Նրանց կողմից վարվող դեմպինգային քաղաքականության պատճառով Հայաստանում ներկայացված մյուս ավիաընկերությունները կարող են ուղղակի հեռանալ, մանավանդ որ համավարակի տարածման հետևանքով ավիաշուկան ֆինանսական բարդ դրության առաջ է կանգնել։ Իսկ նրանց հեռանալուց հետո մոնոպոլ դիրքեր ստացած ավիաընկերությունները կարող են բարձրացնել գները և դառնալ թելադրող շուկայում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am