ՀՀ-ն կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրությանը $550,000 կտրամադրի, խնդիր կա օրը 1000 թեստ անել.Փաշինյան

ՀՀ-ն խնդիր ունի առաջիկայում օրական թեստավորումների քանակը հասցնել 1000-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր օրական թեստերի թիվը տատանվում է՝ հասնելով մոտ 400-ի: Խնդիր ենք դրել այս շաբաթվանից, ամենաուշը՝ ուրբաթ օրվանից, օրական 1000 թեստ անել։ Դրա համար մենք հիմա մեծ քանակի՝ մոտ 70,000 թեստ ենք գնում», - ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկվում է թեստերի տեղական արտադրություն ստեղծելու հարցը։

«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար $550,000-ի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի տեղում թեստերի արտադրություն կազմակերպենք։ Մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է, և մենք ինստիտում կարողանալու ենք կազմակերպել թեստերի արտադրություն», - ասել է վարչապետը։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ շուտով ՀՀ-ն կհասնի օրական 400-500 թեստավորման, իսկ ավելի ուշ, նոր սարքավորումների ձեռքբերումից հետո, հնարավոր կլինի օրը 1500 թեստ անել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։

Այս թեմայով
am