«Այն խնդիրները, որ տեսել էր եվրոպական գործակալությունը, հայտնաբերել է նաև ՊՎԾ-ն». ՊՎԾ մամուլի խոսնակ

Ապրիլի 4-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ 2020-ի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն ու Եվրոպական Միության մասնագետներն իրականացրել են Կոմիտեի և երկու ավիաընկերությունների գնահատման այց: Դրա արդյունքում կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերություններն ստացել են գործակալության նախնական գնահատման արդյունքները: Զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով գործակալությունը դիմել էր քաղավիացիային՝ գնահատման արդյունքների վերաբերյալ կոմիտեի կարծիքն ստանալու նպատակով: Կոմիտեն դիտարկումներն ուղարկելու էր ապրիլի 6-ին: Դրանք ուղարկվե՞լ են, թե՞ ոչ, ե՞րբ ակնկալել գործակալության արձագանքը դրանց:

Քաղաքիացիայի կոմիտեի նախագահի օգնական Ժենյա Տեր-Վարդանյանը խոստացավ հարցի պատասխանը փոխանցել ավելի ուշ:

Քաղաքիացիայի կոմիտեն իր հայտարարության մեջ նշել էր, որ կոմիտեի ունեցած խնդիրները նոր չեն, ունեն երկար տարիների պատմություն, որոնք պահանջում են բավական ժամանակ և ռեսուրսներ կառույցն արդիականացնելու համար:

Հատկանշական է, որ ավելի վաղ կոմիտեում թերություններ էր արձանագրել Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ)։

ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռևս անցյալ տարի Եվրոպայում թռիչքներ իրականացնելու իրավունք ստանալու համար Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանն էր դիմել «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը: Գործակալության աուդիտորներն ստուգում էին անցկացրել և անվտանգության հետ կապված խնդիրներ հայտնաբերել:

«Խնդիրները հայտնաբերելուց հետո իրենք մերժել էին հայտը, թույլտվությունը չէին տրամադրել: Նամակով դիմել էին Քաղավիացիայի կոմիտե՝ նշելով, որ մեր ավիացիան նման խնդիրներ ունի: Իրականում խնդիրների մասին կոմիտեի ղեկավարը տեղեկացված չէր եղել, քանի որ փաստաթղթաշրջանառությունը ճիշտ չէր կազմակերպվել կամ՝ հետագայում քննությունը կպարզի՝ ինչն էր եղել խնդիրը: Փաստացիորեն փաստաթղթերը կոմիտեի ղեկավարությանը չէին հասել: Դրանից հետո կոմիտեի ղեկավարությունը խնդրել էր ՊՎԾ-ին՝ ուսումնասիրություն կատարել»,- ասաց մամուլի խոսնակը:

Ըստ Ս. Աղբալյանի՝ այն խնդիրները, որ տեսել էր եվրոպական գործակալությունը, հայտնաբերել է նաև ՊՎԾ-ն:
«Խնդիրները կապված են օդանավ շահագործողին վկայական տալու, ավիաընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ»,- նշեց Ս. Աղբալյանը:
Ընդ որում՝ դրանք միայն մեկ ավիաընկերության շրջանակում չեն, այլ ամբողջ համակարգում: Ընդհանուր ուսումնասիրվել են ավիաընկերությունների ներկայացրած փաստաթղերը: «Թեպետ ուսումնասիրության ժամանակահատվածը վերաբերում էր 2016-19թթ., սակայն քանի որ օդանավ շահագործողների վկայաններն սկսել են ստանալ շատ ավելի վաղ, 2007-ին՝ «Տարոն-Ավիան» է առաջինը ստացել, դրանից առաջ էլ ստացողներ եղել են, մենք նայել ենք ընդհանուր վկայական տալու կարգը, նաև այն, թե ինչպես է կոմիտեն վերահսկողություն իրականացնում ավիաընկերությունների նկատմամբ»:

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Այս կառույցն էլ հունվարի 25-ին հայտարարություն էր տարածել: Դրանում ասված էր. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից դրանց հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն 20.12.2018թ-ին հայտ է ներակայացրել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն՝ «EASA»՝ Եվրոպական միության տարածք թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար:

Այդ շրջանակներում Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության աուդիտորներն ինչպես ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, այնպես էլ ընկերությունում կատարել են ուսումնասիրություններ՝ հայտնաբերելով թվով 15 խախտումներ, որոնցից 5-ը, համաձայն միջազգային թռիչքային կանոնների, ուղիղ վտանգ է ներկայացրել թռիչքային անվտանգության համար։ Այս արդյունքները 15.07.2019թ. պաշտոնական գրությամբ ուղարկվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի էլեկտրոնային փոստին, սակայն կոմիտեի համապատասխան աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգով սահմանված պահանջները, այն չեն մուտքագրել «Mulberry» էլեկտրոնային համակարգ, դրանց համապատասխան ընթացք չեն տվել: Իսկ կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ աուդիտի մասով առանձնահատուկ խնդիրներ առկա չեն եղել։ Արդյունքում միջազգային կազմակերպությունում կասկածի տակ է դրվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հեղինակությունը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իր գործառույթների պատշաճ կատարման հանգամանքը, վտանգ է ստեղծվել, որ առհասարակ արգելվեն ՀՀ-ում գրանցված օդանավերի թռիչքները ԵՄ տարածքում։

Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգով երկու տարին մեկ անգամ երկարաձգվել է ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականը, որի ընթացքում ընկերությունում իրականացվել են համապատասխան տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ օդային փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պահանջների պահպանման և իրավիճակի գնահատման նպատակով։ Բացի այդ, Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» «ՓԱՐՏ-Մ (PART-M)» կանոնակարգի կիրարկման շրջանակներում, սահմանված ստանդարտների, ընդունելի տարբերակների և ուղեցույց նյութերի համապատասխանությունը պարզելու և խնդիրները վերհանելու համար, յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ Կոմիտեի կողմից ՍՊԸ-ում իրականացվել են տեսչական ստուգումներ: Դրանց արդյունքներն ամփոփող համապատասխան ստուգաթերթերի, օդանավ շահագործողի վկայականը երկարաձգելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի տվյալների՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից նույն ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հետ համեմատական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2019թթ. տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների ժամանակ ոչ միայն չեն հայտնաբերվել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության արձանագրած խախտումները, այլ մի շարք դեպքերում համապատասխան ստուգաթերթերում տեղեկություններ են ներառվել առ այն, որ դրանք, այդ թվում՝ թռիչքային անվտանգության վերաբերյալ, համապատասխանում են սահմանված չափորոշիչներին և պահանջներին: Արդյունքում ընկերությունը շարունակել է իր գործունեությունը՝ անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող խախտումներով։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ-ին պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատախանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել, կեղծ փաստաթղթեր կազմվել։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»:

Քրեական գործն այժմ ՔԿ-ում նախաքննության փուլում է։

Այս թեմայով
am