ՀՀ-ում կորոնավիրուսը տարածվում է անկասելի տեմպերով, այլևս պարզ է՝ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ որևէ կերպ ազդելու գործընթացի վրա. ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը: Նա նշել է, որ ՀՀ վարչապետն անկարող է ազդել վարակի տարածման գործընթացի վրա: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ-ում Կ-ն (կորոնավիրուսը- Tert.am) տարածվում է անկասելի տեմպերով։ Այլևս պարզ է, որ ՆՓ-ն (Նիկոլ Փաշինյանը- Tert.am) ի վիճակի չէ որևէ կերպ ազդելու գործընթացի վրա։ Ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի։ Ինչքան տարածվի-տարածվի։ Դե համաճարակ է էլի, մի օր պիտի հասնի պիկին ու նահանջի։ Գուցե ամառվա տաքերն օգնեն, իսկ գուցե մոծակներն ու ճանճերն ավելի սրեն իրավիճակը։ Իմ կողմից տրված երաշխավորությունները հիմնականում անտեսվում են։ Խնդիր կա. այդ երաշխավորությունները կյանքի կոչելու համար որոշակի ունակություններ են պետք։ Ներկայիս կառավարությունը դա չունի»,- գրել է Բագրատյանը։

ՀՀ նախկին վարչապետը նշել է, որ պայքարի սովորական դասական սցենար է առաջարկել. բնակավայրերում և մի շարք արտադրական ճյուղերում կարանտին մտցնել։ Բնակավայրերից արվել է միայն Չարենցավանը՝ ուշացումով։

«Երևանին չկպան. մայրաքաղաքը շարունակում է վարակ տարածել։ Արտադրական ճյուղերի կարանտինի մասին, պարզվեց, մեր պաշտոնյաները չեն էլ լսել։ Արդյունքն ակնհայտ է. կորոնավիրուսը հայտնվեց Դարոյինքում։ Իրականում այս արտադրությունը պիտի փակվի, ոտից գլուխ ստերիլիզացվի, նոր բացվի։ Չի արվում ու չի արվելու։

Համաճարակի դեպքում սննդի օբյեկտները պիտի աշխատեն մեկամսյա հերթափոխով. մտնեն օբյեկտ ստերիլիզացիայից ու տեստավորումից հետո, 1 ամիս աշխատեն ու դուրս գան։ Ապա նրանց պետք է փոխարինի մյուս հերթափոխը. նույն պրոցեդուրայով։ Խանութները, որտեղ վաճառվում է այդ սննդամթերքը շաբաթվա մեջ առնվազն 2 օր պետք է ստերիլիզացվեն։ Ք՞անի անգամ եք տեսել Սիթին, Կրպակը կամ ՍԱՍ-ը լվանալուց։ Գյուղատնտեսություն-սննդարդյունաբերություն -առևտուր համալիրն ահա այս ձևով ստերիլ պայմաններում աշխատեցնելուց հետո պետք էր գործարկել նաև մյուս ճյուղերը: Չգիտեմ, հնարավո՞ր է այս ամենը բացատրել Կառավարությանն ու պարետին»,- ասել է նա։

Բագրատյանի խոսքով՝ խայտառակ վիճակում է Երևանը։ Փողոց չի լվացվում, մայթերը չեն ախտահանվում, շքամուտքերն ու լիֆտերը` նույնպես։

«Քաղաքապետ ՀՄ-ն (Հայկ Մարությանը-Tert.am) իր թիմով չի երևում. սովորական դասալիք է։ Դասալիք է նաև ՏՌ-ն (Տաթևիկ Ռևազյանը-Tert.am)։ Միլանի չվերթը ժամանակին չփակելու համար այդ կինը մի ամբողջ երկիր վարակեց ու թռավ։

Ոչ վարչապետը և ոչ էլ նախագահը չեն համարձակվում գոնե մի հատ հիվանդանոց այցելեն, խոսեն հիվանդների ու բժիշկների հետ, վերջիններիս աշխատավարձը բարձրացնեն։ ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, «կապիտալ ծրագրեր» է քննարկում։ Նախագահ ԱՍ-ն (Արմեն Սարգսյան-Tert.am) գոնե մի հատ գիրք գրեր. «Օտարերկրյա գործակալներ. աշխարհի տարբեր երկրների փորձը», մենք էլ կարդայինք»,- գրել է Բագրատյանն ու հույս հայտնել, որ մի օր այս ամենը կվերջանա և իշխանափոխություն կլինի։

Այս թեմայով
am