Իսրայելցի բժիշկը խոսել է տարեց մարդկանց մեկուսացման հետևանքների մասին

Տարեց մարդիկ, կորոնավիրուսի ֆոնին մեկուսացման պայմաններում կարող են նստակյաց և պառկած հիվանդներ դառնալ, իսկ չափից շատ ուտելն ու սթրեսը կարող են հանգեցնել խրոնիկ հիվանդությունների սրացման: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իսրայելցի բժիշկ Լեոնիդ Էյդելմանին:

«Ես համոզված եմ, որ երկար շաբաթների ընթացքում խրոնիկ սթրեսը, անշարժությունը, շատ ուտելը կունենան իրենց ազդեցությունը և կհանգեցնեն խրոնիկ հիվանդությունների սրացման:

Մյուս կողմից շատ հնարավոր է, որ մարդիկ, որոնց բուժում էր հարկավոր, խուսափեն պոլիկլինիկաներ այցելելուց և հիվանդանոցներում գտնվելուց: Մենք արդեն մի քանի դեպքեր գիտենք, երբ սրտային հիվանդություններով մարդիկ ժամանակին չեն դիմել հիվանդանոց և շատ թանկ են վճարել դրա համար: Տարեց մարդիկ, որոնք հիմա գտնվում են մեկուսացման մեջ, կարող են դառնալ նստակյաց կամ պառկած հիվանդներ»,-գործակալության հետ զրույցում ասել է Էյդելմանը:

Բժշկի կարծիքով՝ տարեց մարդկանց պետք է ֆիզիկապես մեկուսացնել, բայց նրանց չզրկել սոցիալական կապից:

«Ես դեմ եմ «սոցիալական մեկուսացում» հասկացողությանը: Ես կարծում եմ, որ տարածություն պետք է պահել ֆիզիկապես, այլ ոչ սոցիալապես: Մարդիկ, որոնք այցելում են տարեցներին, պետք է տարածություն պահեն և դիմակներ կրեն, որպեսզի չվարակեն նրանց, սակայն տարեցներին սոցիալական շփումից կտրելը կարող է հանգեցնել նրանց հոգեբանական և ֆիզիկական վիճակի վատթարացման»,-նշել է բժիշկը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։

Այս թեմայով
am