Երևանի քաղաքապետարանի կրավորական մոտեցումը

Երևանի քաղաքապետարանը համավարակի, արտակարգ դրության օրերին որդեգրել է կրավորական մոտեցում, լրացուցիչ առանձնահատուկ միջոցառումներ չեն ձեռնարկվում, ենթարկվում են պարետատան հրահանգավորումներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Բազմաթիվ գործողություններ կան, որոնք աշխարհի քաղաքապետարանները, համայնքային իշխանություններն իրականացնում են։ Հիմնականում, եթե հայտարարված է արտակարգ դրություն կամ առանձնահատուկ միջոցներ են կիրառվում, դրանց հիմնական շարժիչ ուժը հաղորդվում է հենց քաղաքապետարանների կողմից։ Մեր դեպքում մենք տեսնում ենք քաղաքապետարանի ավելի շատ կրավորական մոտեցումը, առ այն, որ իրենք հիմնականում ենթարկվում են պարետատան հրահանգավորումներին, ինչը նշանակում է, որ լրացուցիչ միջոցառումներ քաղաքապետարանից պետք չէ ակնկալել, որովհետև իրենք այդպիսի մոտեցում են որդեգրել»,- նշեց նա։

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ շտապօգնության ծառայությունը և պոլիկլինիկաները, որոնք կորոնավիրուսով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ են աշխատում, համայնքապատկան կառույցներ են․ «Պարետատան ցուցումով միայն սկսեցին հոգալ բուժաշխատողների տեղափոխման հարցը, որը շուտ պետք է անեին և սեփական նախաձեռնությամբ, բայց էլի լավ էր, որ արեցին»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Ըստ նրա՝ արտակարգ դրության հետևանքով կան ի հայտ եկած մի շարք հանգամանքներ, որոնց ուղղությամբ ևս քաղաքապետարանը պետք է աշխատանքներ տանի․ «Հիմա մայրաքաղաքում տարբեր տնտեսվարողների գործունեությունն արգելված է, այդ տնտեսվարողների հետ քաղաքապետարանը պետք է հանդիպեր, քննարկեր խնդիրները, որոնք կան և որոնք պետք է լուծվեն, երբ արտակարգ դրությունն ավարտվի, այդ մարդկանց աշխատանքը վերականգնվի»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Երևանի ավագանու անդամը համեմատականներ է տանում Թբիլիսիի և Երևանի քաղաքային իշխանությունների կատարած գործողությունների միջև։

«Թբիլիսիի փողոցների ախտահանման, լվացման աշխատանքների հայտնի կադրերը տարածվել էին։ Իսկ Երևանի քաղաքապետարանը, կրկնում եմ, կրավորական մոտեցում է որդեգրել և միջամտություն չի ցուցաբերում առհասարակ։ Այսօր նույնիսկ Վրաստանը՝ որպես տիպային օրինակ,  նույնիսկ հայտնվել է միջազգային մամուլի էջերին՝ վարակակիրների նվազ թվով և զրոյական մահացությամբ։ Վրաստանի վարչապետը խոսում էր այն միջոցների մասին, որոնք ժամանակին և ճիշտ կիրառվել են, մասնավորապես, վարակակիր օջախների, հիմնական երկրներից հոսքի ճիշտ ժամանակին փակման մասին։ Եվ այդ նույն ժամանակ, երբ Վրաստանի իշխանությունները նման քայլեր էին անում, ՀՀ իշխանությունները Հայաստանով մեկ քարոզարշավ էին իրականացնում»,- նկատեց նա։

Ընդդիմադիրները, քաղաքացիները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մեղադրում էին համավարակի, արտակարգ դրության օրերին ցուցաբերած անգործության մեջ։ Ի պատասխան իր հասցեին հնչող քննադատություններին՝ Հայկ Մարությանը երեկ տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ նշել էր․ «Ես ուղիղ եթերներ չեմ մտնում, ես աշխատում եմ։ Գնացե՛ք, նստե՛ք տանը, կառանծյա՛ պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է էս կորոնավիրուսը կպնում։ Առնվազն տականքություն է մեծահասակ քաղաքացիների վրա քաղաքական դիվիդենտ հավաքելը»,- ասել էր քաղաքապետը։

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ տեսանյութից ակնհայտ էր, որ քաղաքապետը ջղաձգված է։ Նա նաև նշեց, որ Հայկ Մարությանը վիրավորական արտահայտություններով հանդես եկավ պատգամավորի հասցեին։

«Բայց դա արդեն դարձել է մեր քաղաքական մշակույթի մի մաս, դա ներակրվել է այս իշխանությունների կողմից։ Ես երբևէ չեմ հիշում, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա նման արտահայտություն թույլ տա իրեն։ Գուցե եղել է, բայց ես չեմ հիշում։ Դա բնականաբար ողջունելի չէ և պետք է բացառվի։ Այսինքն՝ իր հասցեին հնչել էր քննադատություն, որը կարող էր տեղին լինել, կարող էր տեղին չլինել, բայց այդ քննադատությանը վիրավորական՝ տականքություն բառն օգտագործելով պատասխանե՞լ։ Շատ մարդիկ էլ իրեն կարող են շատ բան ասել, բայց իրենց թույլ չեն տալիս»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ առավոտից փնտրում է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ մի հարցի վերաբերյալ պարզաբանում սանալու համար․ «1.5 մլն-անոց մայրաքաղաքի քաղաքապետը չի կարող անհետ կորած համարվել, ձեր մտքով անցե՞լ է զանգել ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին ու հարցնել՝ ինչի կարիք ունեն»,- գրել էր պատգամավորը։

Այս թեմայով
am