Վաղը պատժելու է մեզ, այնպես, որ սերնդեսերունդ չմոռանանք

Շարունակելով  ներկայացնել Ախուրյանի ջրավազանային տարածքի խնդիրները՝ գալիս ենք այն համոզման, որ մենք բոլորս՝ պետական այրից մինչեւ շարքային քաղաքացի, թքած ունենք մեր բնաշխարհի վրա: Այդ են վկայում փաստերը: Օրինակ, Մեծամորի գետավազանում ստորերկրյա հորատանցքերի չկարգավորված հորատումը, ներառյալ՝ առանց նախագծերի եւ ոչ ճիշտ տեխնիկական կառուցվածքով հորատումը, ինչպես նաեւ հորատանցքերի միջեւ սահմանված 500 մետր հեռավորության չպահպանումը խախտել են ջրատար հորիզոնների միջեւ գոյություն ունեցող բնական հիդրավլիկ կապը: Հատկապես խիտ ցանցով հորատված հորատանցքերի պատճառով ավելացել է ջրատար հորիզոնների միջեւ գոյություն ունեցող հիդրոերկրաբանական պատուհանների քանակը՝ հանգեցնելով տարբեր ջրատար հորիզոնների ջրերի միախառնմանը եւ ջրերի քիմիական կազմի փոփոխությանը. այլ կերպ՝ ջրերի հանքայնացումը բարձրացել է մինչեւ 0,3 գ/լ: Խախտվել է նաեւ ջրատար հորիզոնների ելքի բաղադրիչը. կտրուկ նվազել են բնական աղբյուրների ելքերը:

Կամ՝ Ջրառատ համայնքի թունանյութերի նախկին պահեստի տարածքում այժմ ձկնաբուծական տնտեսություն է գործում: Բայց պահեստի դեռեւս կանգուն երկու շինություններում կան հարյուրավոր կիլոգրամներ թունաքիմիկատներ, որոնց մի մասը պարկերի, մյուսը՝ տակառների մեջ է, իսկ որոշ մասը սփռված է պահեստի տարածքում: Թունաքիմիկատների պարկերը պատառոտված են եւ քանդված շինություններից հեշտությամբ քամու ու անձրեւաջրերի միջոցով տարածվում են դեպի ձկնաբուծարան ու շրջակա միջավայր:

Այսօր մենք ենք պատժում մեր բնաշխարհին, վաղը մեր բնաշխարհն այնպես է պատժելու մեզ, որ սերնդեսերունդ չմոռանանք…

 

Մանրամասները՝ ,,Լուսանցք,, շաբաթաթերթի այսօրվա թողարկումում՝ թիվ 32 (465), սեպտեմբերի 15-21, 2007թ.:

Գնեք կրպակներից կամ մի քանի օր հետո PDF ձեւաչափով կարդացեք pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում,  pressa.ru-ում եւ hayary.org-ում:

Այս թեմայով
am