Պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի րոպե առաջ շահառուները ստանան իրենց հասանելիք օժանդակությունը․ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:

Այս մասին Meganews.am-ը տեղեկանում է  վարչապետի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետը կարևորել է մինչ այժմ այս ուղղություններով կիրառվող գործիքների արդյունքների ամփոփումը՝ դրանց պահանջարկը գնահատելու համար:

Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է, հաշվի առնելով հնչեցված գաղափարները և նախորդ ծրագրերի գնահատականները, ներկայացնել հետագա միջոցառումների նախագիծ:

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը և հավելել, որ պետք է ներդնել ներդրումային առաջարկներին արձագանքման օպերատիվ մեխանիզմ:

Խոսելով սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի րոպե առաջ շահառուները ստանան իրենց հասանելիք օժանդակությունը:

Այս թեմայով
am