8 հայ ըմբիշներ ներառված են համաշխարհային դասակարգման աղյուսակում

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան  ներկայացրել է թարմացված վարկանիշային աղյուսակը, որում կա 8 հայ ըմբիշի անուն։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի դասակարգման աղյուսակի 10 քաշային կարգերից 6-ում ներառված են Հայաստանի ներկայացուցիչներ։
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների պայքարում այս պահին 2-րդն է՝ 60 միավորով։ Նույնքան միավոր ունի նաև ռուս Մուսա Եվլոևը, որն էլ հենց գլխավորում է աղյուսակը, քանի որ աշխարհի վերջին առաջնությանը նա ավելի բարձր հորիզոնական էր զբաղեցրել, քան Արթուր Ալեքսանյանը։ Իսկ 77 կգ քաշային Կարապետ Չալյանն աշխարհում 3-րդն է՝ 38 միավորով։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն, հունգարացի Տամաշ Լերինցին ու շվեդ Ալեքս Կեսիդիսին։ Մեր մյուս հունահռոմեական ոճի ըմբիշները հետևյալ տեղերն են զբաղեցնում: Գևորգ Ղարիբյանը, որն այս տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն 60 կգ քաշայինների կարգում, 9-րդն է վարկանիշային աղյուսակում՝  20 միավորով։ Սլավիկ Գալստյանը 63 կգ քաշայինների աղյուսակի 8-րդ հորիզոնականում է։ Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը 67 կգ քաշայինների կարգում աշխարհում 14-րդն է։ Մալխաս Ամոյանը 72 կգ քաշայինների լավագույն տասնյակում է։

2 մարզիկ էլ ունենք ազատ ոճայինների դասակարգման աղյուսակում: Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների պայքարում 17-րդ տեղում է։ 79 կգ քաշայինների լավագույն տասնյակն էլ եզրափակում է Գրիգոր Գրիգորյանը։

Այս թեմայով
am