Չինաստանն ապրիլի 4-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի օր է հռչակել. «Սինխուա»

Չինաստանի իշխանություններն ապրիլի 4-ը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհվածների և ուրիշներին փրկելու համար իրենց կյանքը զոհած բժիշկների հիշատակի օր են հռչակել, գրում է «Սինխուա» գործակալությունը։

Չինաստանի Պետական խորհրդի որոշման համաձայն՝ շաբաթ ամբողջ երկրում, այդ թվում նաև՝ օտարերկրյա դեսպանատների տարածքներում, պետք է իջեցվեն բոլոր դրոշները։ Չեղարկվել են բոլոր հասարակական, ժամանցային միջոցառումները։

Տեղական ժամակով 10։00-ին ամբողջ Չինաստանը երեք րոպե լռությամբ կհարգի զոհվածների հիշատակը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերից ՉԺՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 81 500-ը, հիվանդության հետևանքով երկրում մահացել է ավելի քան 3 300 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 413 դեպք, 53 238-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 134 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Այս թեմայով
am