ՀԾԿՀ-ն պետք է մերժի «Գազպրոմ Արմենիայի» հայտը, իսկ ՀՀ կառավարությունը պետք է ինտենսիվ բանակցի սահմանին գազի գնի իջեցման շուրջ. Միքայել Մելքումյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Գազպրոմ Արմենիայի»՝ սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտը։ ՀՀ կառավարությունն էլ պետք է ինտենսիվ բանակցի սահմանին գազի գնի իջեցման շուրջ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը ժամանակվրեպ է համարում «Գազպրոմի Արմենիայի» հայտը։ Նրա կարծիքով՝ նաև անհամարժեք են ընկերության առաջարկած սակագնային փոփոխությունները։

««Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սոցիալապես խոցելի խմբերի, տնտեսվարողների համար գինը 100 դրամից դարձնել 136 դրամ, և 3 դրամով իջեցնում է ընդհանուր սակագինը։ Սա անընդունելի է, համարժեք փոխատեղումներ չեն, դրա համար հանձնաժողովը, միանշանակ պետք է մերժի այս հայտը։ Ընկերությունը հիմնավորում է, որ սակագինը 165 դրամի ռեժիմի տակ չէ հարմարեցված և մեկ տարի վնասներ է կրել, դրա համար ուզում է բարձրացնի, բայց նա այս փուլում ծախսերի կրճատում պետք է անի, ինչքան պետք է օպտիմալացնի»,- նշեց Միքայել Մելքումյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը հիշեցնում է, որ 2015թ. հունվարի 1-ից, երբ գազի սակագինը սահմանին 189 դրամից դարձավ 165, «Գազպրոմ Արմենիան» 4 տարի սպառողների համար սակագինը չիջեցրեց. «4 տարվա ընթացքում ընկերությունը ստացել է լրացուցիչ մոտ 36 մլրդ դրամ»,- ասաց նա։

Միքայել Մելքումյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն այժմ պետք է ռուսական կողմի հետ բանակցի սահմանին գազի գնի իջեցման շուրջ։ Ըստ նրա՝ ներկայիս ֆիքսված արձանագրման փոխարեն, պետք է անցում կատարել, այսպես կոչված, նավթի և գազի կապակցված բանաձևի։

«Միանշանակ է, որ այդ ֆորմուլային պետք է անցնենք, որովհետև առաջիկա 1-2 տարում, կարծում եմ՝ նավթի գներն այդ աստիճանի չեն վերականգնվելու։ Ես ասել էի մարտի 24-ի ԱԺ նիստում, որ պետք է հրատապ բանակցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նավթի համաշխարհային գներն իջնում են, գազինն էլ պետք է իջնի։ Այդ պահին արձագանքը եղավ այն, որ մեզ մոտ կապակցված չեն գազի գները նավթի գնի իջեցման հետ, բայց դրանից մեկ շաբաթ անց տեսաք՝ նամակ ուղարկվեց Գազպրոմի նախագահին, որ պետք է բանակցել»,- նշեց նա։

Պատգամավորի կարծիքով՝ գազի գնի լուծման մյուս տարբերակը ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման գործընթացի արագացումն է։ Նախատեսվում է 2025թ. միասնական էներգետիկ շուկան ստեղծել, բայց հաշվի առնելով առկա ճգնաժամային իրավիճակը, Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ շուկան պետք է կայանա 1 կամ 1․5 տարվա ընթացքում։

Այս թեմայով
am