Տարբեր երկրների հանրային տարածքները պատրաստվում են հիվանդներ ընդունելուն

Վարակակիրների ամենաբարձր ցուցանիշը Միացյալ Նահանգներում է։ Պատշգամբներից երգող իտալացիների լավատեսությունը նվազել է։ Իսրայելի առողջապահության նախարարի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

Կորոնավիրուսի հետևանքով ամենամեծ մահաթիվն ունեցող Իտալիայում խիստ սահմանափակումները երկարաձգվել են մինչև ապրիլի 13–ը։ Գարդիանի փոխանցմամբ պատշգամբներից երգող իտալացիների լավատեսությունը նվազել է։ Շատերը կորցրել են աշխատանքը։ Մարդիկ սկսել են ավելի շատ վախենալ աղքատությունից, քան վիրուսից։ 

Վարակակիրների ամենաբարձր ցուցանիշը Միացյալ Նահանգներում է։ Թրամփը հայտարարել է, որ քննարկում են երկրի որոշ նահանգներում ներքին թռիչքների դադարեցումը։ Համավարակի դեմ պայքարին զուգահեռ երկրում խստացրել են հանցագործների դեմ պայքարը։ 

Իսրայելում կորոնավիրուս է ախտորոշվել երկրի առողջապահության նախարարի մոտ։ Նրան թույլատրել են աշխատել տնից։ Մեկուսացված են նաև Մեծ Բրիտանիայի մի քանի օրենսդիրներ։ Երկրում մտադիր են վիրտուալ խորհրդարան ստեղծել, որպեսզի մեկուսացված պատգամավորները կարողանան աշխատել տնից։ Կորոնավիրուսից ապաքինվելուց հետո բրիտանացիներին տեսաուղերձով է դիմել արքայազն Չարլզը։

Ուկրաինայում թույլատրել են ուժ գործադրելով՝ հոսպիտալացնել կորոնավիրուսի ախտանշաններով քաղաքացիներին։ Ֆիլիպիններում նախագահը թույլատրել է ավելի կոշտ միջոցների դիմել ու զգուշացրել, որ չի հանդուրժելու անպատասխանատու քաղաքացիների վարքագիծը։ 

Ամբողջ աշխարհում հիվանդների թվի աճի պատճառով հիվանդանոցներում տեղ չկա։ Խոշոր քաղաքներում հանրային շենքերը և մարզադաշտերը նախապատրաստվում են հիվանդներ ընդունելուն։

Այս թեմայով
am