Թրամփն ընդունել է, որ երկրում պաշտպանիչ սարքավորումների պաշարները գրեթե սպառվում են․ The Guardian

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ ԱՄՆ կառավարության՝ պաշտպանիչ սարքավորումների պաշարները գրեթե սպառվում են կորոնավիրուսի համավարակի հետևանքով գոյացած մեծ պահանջարկի պատճառով, գրում է The Guardian պարբերականը։

Պաշարների անբավարարության մասին առաջինը հայտնել էր The Washington Post-ը՝ պարզաբանելով, որ բժշկական դիմակների, ձեռնոցների և այլ բժշկական պարագաների պաշարները քիչ են։

Աշխատանքների վատ համակարգման համար քննադատության արժանացած Թրամփը չորեքշաբթի հաստատել է ասվածը և նշել․ «Պատճառն այն է, որ սարքավորումները միանգամից հիվանդանոցներ ենք ուղարկում։ Չենք ցանկանում, որ պահեստներ բերվեն, քանի որ այնտեղ հասնելուց հետո դրանք պետք է տարբեր նահանգներ ու հիվանդանոցներ ուղարկվեն»։

Նախագահը հորդորել է նահանգներին պաշտպանիչ սարքավորումները միանգամից ձեռնարկություններից գնել և հավելել․ «Մենք տարբեր տեսակի սարքավորումների մեծ ձեռնարկություններ ունեցող նահանգներին խնդրել ենք օգտագործել տեղական գործարանները, տեղի այդ մասնաճյուղերը և կազմակերպել աշխատանքներն այնպես, որ ապրանքներն ուղղակիորեն առաքվեն հիվանդանոցներ»։

Նախագահն ընդգծել է, որ ներկայում մոտ 10 000 արհեստական շնչառական համակարգ կա, և նշել, որ Ազգային գվարդիան թույլատրել է սարքավորումներն անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներ առաքել։

Մեջբերելով Ներքին անվտանգության նախարարության պաշտոնյաների խոսքը՝ The Washington Post-ը հայտնել էր, որ ազգային պաշարների սպառումը հանգեցրել է Սպիտակ տան և նահանգների միջև պաշտպանիչ սարքավորումների համար մրցակցության։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 204 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Այս թեմայով
am