Մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցություն կտրամադրվի․ կառավարությունը հաստատեց նախագիծը

Մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչեւ մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ, աջակցություն կստանան կառավարության կողմից: Այս նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 

Կառավարության որոշմամբ՝ այդ ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար կստանան 26 հազար 500 դրամ միանվագ աջակցություն:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 18 տարեկան երեխա եւ առկա է հետևյալ հանգամանքներից որեւէ մեկը.
երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է28.01-ից.
երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել

«Պարտադիր պայման է նաեւ այն, որ երեխան կամ երեխաները եւ նրանց ծնողները պետք է 2020թ-ի ընթացքում մշտապես բնակված լինեն Հայաստանում: Ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք եւ այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար ՀՀ դրամը»,- ասաց Բաթոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կորոնավիրուսի տարածման եւ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պատճառով ստեղծված սոցիալական ու տնտեսական վիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությունն արդեն աջակցության 9-րդ միջոցառումն է մշակում, բայց մինչ օրս չի կարողանում հասնել իրական աջակցության կարիք ունեցող այն քաղաքացիներին, որոնք աշխատող են, բայց գրանցված չեն որպես աշխատող:

«Եվ մենք որոշեցինք, որ հասցեականության առումով ճիշտ կլինի, որ մենք այս աջակցությունը հասցեագրենք երեխաներին: Այսինքն՝ այս ծրագրի իրական շահառու են հանդիսանում ոչ թե ծնողները, այլ երեխաները»,- ասաց վարչապետը:

Կառավարությունը միաձայն հաստատեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկած աջակցության ծրագիրը:

Այս թեմայով
am