«Նրանք ասում էին՝ հաղթեցինք, որովհետեւ պիտի հաղթեինք»․ խոսնակի գրառումը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում  գրել է․«Պատերազմի օրերին ճանապարհվեցի մարտերի կիզակետում հայտնված հարավարևելյան դիրքեր։ Չգիտեի՝ ի՞նչ եմ հարցնելու տղաներից, ի՞նչ խոսքեր եմ ասելու նրանց և ի՞նչ խոսքեր եմ լսելու նրանցից: Գնում էի ոչ որովհետև զինվորական լրագրողի պարտքն էր այդպես թելադրում, գնում էի՝ պատերազմը հասկանալու․․․ Տղաներն ասում էին՝ մարդու վրա կրակելը դժվար է, անգամ, եթե թշնամիդ է: Նրանք ասում էին՝ անքուն էինք, ծարավ էինք, ցուրտ էր… Ցեխոտ էինք, սողալով էինք դիրքափոխվում… Բայց հենակետը պահեցինք։

Նրանք ասում էին՝ կռվում էինք ոչ այնքան մարդու, որքան զրահատեխնիկայի դեմ…Նրանք ասում էին՝ մարտի ժամանակ մտածում էինք առաջ գնալու եւ գոնե մի անգամ էլ տուն վերադառնալու մասին։ Նրանք ասում էին՝ վիրավորներին դիրքերից ուզում էինք տարհանել, բայց մեզ հետ վիճում, քաշքշում էին, թե թողեք, պիտի կռվենք: Նրանք ասում էին՝ գցել-բռնելու ժամանակ չկար, պետք էր գործել:

Նրանք ասում էին՝ վախենում էինք, բայց ոչ թե թափվող կրակից, վախենում էինք՝ տղաներին խփված տեսնելուց: Նրանք ասում էին՝ գիտեինք, որ մեր ընկերները զոհվել են, բայց, միևնույն է, գնում էինք նրանց փրկելու: Նրանք ասում էին՝ մարտի դաշտում ամենավտանգավոր բանը ընկճվելն է: Նրանք ասում էի՝ տեսանք, խփեցինք, հերոսություն չենք արել։

Նրանք ասում էին՝ Ֆագոտչիկներս սնայպերի նմանընք գործ ըրալ։ Նրանք ասում էին՝ հոգեբանորեն պատրաստ չէինք դիրքը թշնամուն թողնել։ Նրանք ասում էին՝ դեռ պիտի իջնենք զորամաս, մենք դեռ իրար հետ պիտի ծնունդ նշենք։ Նրանք ասում էին՝ մեր մի վաշտը հյուծեց նրանց մի գումարտակի ուժը։ Նրանք ասում էին՝ մենք հոգեպես ավելի դիմացկուն դուրս եկանք: Նրանք ասում էին՝ հաղթեցինք, որովհետեւ պիտի հաղթեինք: Նրանք ասում էին՝ պատերազմը ավելի լավը դառնալու հնարավորություն է։

Նրանց կյանքի գնով, նրանց անհավանական արիության ու հայրենասիրության շնորհիվ ապրիլը դարձավ մեր ապրելու չափանիշը, մենք դարձանք ավելի հարազատ հայրենիքին։

Փառք ու պատիվ քեզ, հա՛յ զինվոր»:

Այս թեմայով
am