Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Չնայած այն հանգամանքին, որ Սինգապուրն իր աշխարհագրական դիրքով բավական մոտ է Չինաստանին, այդուհանդերձ փոքրիկ քաղաք-պետությանը հաջողվել է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի օրինակներից մեկը դառնալ աշխարհում: Պատճառը չափազանց խիստ մոտեցումներն են եւ արագ արձագանքման մեխանիզմը:

Սկզբում, երկրի տարածքում գրանցված ցանկացած դեպքի նկատմամբ երկրում չափազանց հետեւողական  արձագանք էր լինում: Անմիջապես հստակեցվում էր շփման շրջանակը, այնուհետ՝ մեկուսացվում էին բոլորը, անգամ՝ հեռավորության վրա վիրուսակրի հետ շփված անձինք: Առհասարակ, Սինգապուրում չափազանց լուրջ էին վերաբերվում կորոնավիրուսի հնարավոր տարածմանը՝ դեռ Չինաստանում առաջին մի քանի դեպքերի հայտնաբերման ժամանակ:

Սինգապուր քաղաք-պետությունը Չինաստանի հիմնական եւ կարեւոր  գործընկերներից է: Զարմանալի չէ, որ Covid-19 վիրուսի առաջին դեպքերն այստեղ գրանցվել էին Չինաստանում համաճարակի սկզբնական փուլում արդեն, սակայն լուրջ բռնկումից Սինգապուրին հաջողվեց խուսափել:

Technology Review-ի գիտական հոդվածներից մեկում նշվում է, որ Սինգապուրի իշխանությունները դեռ վիրուսի առաջին օրերին հասկացել էին իրավիճակի լրջությունը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Հաշվի առնելով 2002-2003 թվականներին SARS վիրուսի բռնկման ժամանակ ձեռք բերված փորձը, Սինգապուրը սկսեց ուշադիր հետեւել վարակի յուրաքանչյուր դեպքի՝ կոնտակտավոր անձանց գտնելու համար: Սա թույլ տվեց  մի քանի օրում նույնականացնել վիրուսի փոխանցման շղթան մեկ անձից մյուսին եւ մեկուսացնել վարակի բոլոր հնարավոր կրողներին: Վարակի յուրաքանչյուր աղբյուրի շփման շրջանակով զբաղվում էր «բժշկական հետախուզությունը»՝ նվազեցնելով վիրուսի տարածումը:

Վիրուսի դեմ պայքարում Սինգապուրի հաջողության երկրորդ գրավականը արագ ախտորոշիչ թեստերի մշակումն ու ձեռքբերումն էր: Սա հնարավորություն տվեց 3 ժամվա ընթացքում ստուգել երկիր ժամանող բոլոր անձանց, որոնց սկզբում տեղավորում էին 3-ժամանոց կարանտինում՝ մինչ արագ թեստերի պատասխանների ստացումը:

Համեմատության համար կարելի է նշել ԱՄՆ-ի օրինակը, որտեղ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Սկզբում կորոնավիրուսի բռնկմանն առհասարակ կարեւորություն չտրվեց, քանի որ օջախը գտնվում էր ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Չինաստանում: Երկրի առողջապահական համակարգը չափազանց ուշ հասկացավ իրավիճակի լրջությունը, երբ արդեն, թույլ վերահսկողության պայմաններում, Միացյալ Նահանգներ էին այլ երկրներից փոխանցվել տասնյակ բերովի դեպքեր: Բազմաթիվ մարդիկ, չիմանալով իրենց մոտ վիրուսի առկայության մասին, հաճախել էին աշխատանքի, ապրել առօրյա կենցաղով՝ անգամ ախտանշանների առկայության դեպքում: Բացի այդ, երկրում մշակված Covid-19 թեստերը, ինչպես ավելի ուշ պարզվեց, պիտանի չէին կիրառման համար եւ չափազանց թույլ արդյունավետություն ունեին, ինչի հետեւանքով երկրում դեպքերի թվի աննախադեպ աճ է գրանցվում:

Օրեր առաջ էլ Սինգապուրի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարում նոր օրենքներ են մշակել, խիստ սահմանափակումներ մտցրել: Մասնավորապես, բանտում կհայտնվեն այն մարդիկ, որոնք գիտակցաբար կխախտեն այլ մարդկանց մոտ գտնվելու սոցիալական հեռավորությունը:

The Strait Times-ը, ներկայացնելով այս ամենը, նշում է, որ մարտի 27-ից ընդունված որոշման համաձայն, այն մարդը, որը 1 մետրից ավելի մոտ կնստի կամ կկանգնի այլ անձանց, ստիպված կլինի բանտում պատիժ կրել 6 ամիս կալանքով կամ՝ 7 հազար դոլար տուգանք վճարել:

Պատիժ է սահմանված նաեւ կազմակերպությունների եւ ընկերությունների ղեկավարներին, որոնք չեն կարողանա ապահովել իրենց աշխատակիցների միջեւ առնվազն 1 մետր հեռավորություն:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերից՝ Չինաստանում համաճարակի բռնկումից ի վեր, մինչ օրս Սինգապուրում COVID-19 վիրուսի 631 հաստատված դեպք է գրանցվել, որոնցից 160-ը ամբողջական առողջացմամբ արդեն դուրս են գրել, 404 մարդ դեռ գտնվում է բուժման փուլում, նրանցից 17-ի վիճակն է գնահատվում ծանր, եղել են ընդամենը 3 մահվան դեպքեր, վերջինը՝ մարտի 29-ին: 3 դեպքերում էլ մահացածները տարեց անձինք են, որոնք ունեցել են ուղեկից հիվանդություններ:

Ի դեպ, 5 օր առաջ, Սինգապուրի NanoBio լաբորատորիան՝ Գիտության, տեխնոլոգիաների եւ հետազոտությունների գործակալության հետ համատեղ հայտարարեց, որ ստեղծել է արագ թեստ, որը կարող է ընդամենը մի քանի րոպեում բացահայտել անձի մոտ կորոնավիրուսի առկայությունը: Սա կարող է դառնալ կորոնավիրուսային հիվանդության հաստատման ամենաարագ թեստն աշխարհում, երբ այն պաշտոնապես գործածության մեջ դրվի: The Straits Times-ի փոխանցմամբ, այս թեստերով հնարավոր է կորոնավիրուս ախտորոշել առավելագույնը 10 րոպեում: Այն Սինգապուրում արդեն քանիցս փորձարկել են եւ բավական հաջող արդյունքներ արձանագրել: Այս թեստերը կարող են հաստատման եւ լիցենզավորման դրվել մեկ ամսից միայն, այնուհետ՝ փոխանցվել լայն կիրառման ամբողջ աշխարհում:

Այս թեմայով
am