Իտալիայի առողջապահության նախարարությունը բացատրել է՝ ինչով է պայմանավորված երկրում կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը. РИА Новости

Անոմալ տաք ձմեռը տարեց իտալացիների մոտ գրիպի մեղմ ընթացքի պատճառ է դարձել, սակայն ավելի ուշ նրանք խնդիրների են բախվել կորոնավիրուսի բռնկման ժամանակ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իտալիայի առողջապահության նախարարության հաշվետվության մեջ, որը հրապարակել է Համաճարակաբանների իտալական ասոցիացիայի ամսագիրը:

Ասոցիացիայի փորձագետները եզրահանգման են եկել, որ կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշի պատճառ է դարձել նոյեմբեր-հունվար ամիսներին գրիպի թեթև հաղթահարված համաճարակը: Վիճակագրության համաձայն՝ Իտալիայում ամեն տարի գրիպից շուրջ 8000 մարդ է մահանում, սակայն այս տարի այդ թիվը զգալիորեն ցածր է եղել:

Նշվում է, որ երկրի հյուսիսային շրջաններում գրիպից մահացության ցուցանիշը միջինից 6 տոկոսով ցածր է եղել, իսկ կենտրոնում և հարավում՝ 3 տոկոսով: Որպես հետևանք՝ տարեց մարդիկ, որոնք ռիսկային խմբում էին գրիպի համաճարակի ժամանակ, մահացության առավել մեծ թիվ են կազմել կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 13 000 մարդ, որն ամենամեծ ցուցանիշն է ողջ աշխարհում: Վարակակիրների թիվը գերազանցել է 110 000-ը:

Այս թեմայով
am