Ավինյան․ ԱԱԾ-ն, ՌՈ-ն ու ԱԻՆ-ը կմիանան սահմանափակումները վերահսկող ոստիկաններին

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մինչև ապրիլի 12-ը երկարաձգված սահմանափակումների վերահսկման համար ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։

ՀՀ-ում մարտի 31-ից հետո կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ներդրված սահմանափակումները երկարաձգվել են ևս 12 օրով։ Միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակված են։

Ավինյանը հիշեցրել է, որ սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք ապրիլի 2-ից պետք է ունենան գործատուի կողմից տրվող թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները։

Պարետը նաև հիշեցրել է, որ ԱԺ-ն ընդունել է նախագիծ, որը հնարավորություն է տալու հնարավորինս արագ ֆիլտրել անձանց շրջանակը, որոնք կարող էին շփված լինել վարակակրի հետ:

«Հանրային տրանսպորտի աշխատանքը նույնպես սահմանափակվում է: Չնայած, կրկին, հանրային տրանսպորտը այնպես չէ, որ ամբողջ ծավալով աշխատում էր, բայց հիմա երկաթուղուց բացի որևէ այլ հանրային տրանսպորտ պետք է չաշխատի»,- պարետատան նիստի ժամանակ ասել է Ավինյանը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Հայաստանում ապրիլի 1-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 571-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 31 անձ, մահացել՝ 4։

Այս թեմայով
am