Զանգերի ֆիքսման նախագծում լրամշակում է կատարվել, բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը. նախարար (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ ամբողջ օրը հետևել է զանգերի ֆիքսման նախագծի սոցցանցերում հնչող քննադատություններին. այս մասին ԱԺ-ում նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց նախարարը:

Նա նշեց, որ ոչ բոլոր քննադատություններն են հաճելի. «Կարելի է եզրակացնել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավուքներին և ազատություններին, ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք ու ազատություն։ Եթե բոլոր դեպքերում պատշաճ պարզաբանումներ չեն ներկայացվում, ինչու է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքով, թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել: Դա նշանակում է, որ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ մեր քաղաքաքիցներին համոզենք, թե ինչու է անհրաժեշտ համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում, այնուամենայնիվ, գնալ հիմնական իրավուքների և ազատությունների որոշ սահամանփակումների»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ քննադատությունների մի մասը պայմանավորված էր նրանով, որ նախագծի հետ չկապված կարծիքներ արտահայտվեցին ամբողջ օրվա ընթացքում, որը նախագծի կարգավորման առարկայի հետ կապ չուներ. «Կուզեի հատուկ արձնագրել, թե այս նախագիծն ինչի մասին չէ: Այս սահմանափակումները նախ վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահամանփակում չի գործելու, որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և չի մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար, բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո, այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը»,- ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ կառավարությունը ապավինում է գիտությանը և մասնագետների կարծիքին, որոնք մանրամասն ուսումանասիրել են Իսրայելի, Չինաստանի, Հարավային Կորեայի փորձը համաճարակի դեմ պայքարում և հանգել այն եզրակացության, որ այս համակարգն է բոլոր գործիքներից ամենաարդյունավետը:

Անդրադառնալով ընդդիամադիրների այն դիտարկումներին, թե սա պետք է արվեր նախապես և որ հիմա էլ արդյունավետ չէ, նախարարն ասաց, որ չէր կարելի անել նախապես, քանի որ ՄԻԵԴ նախադեպային իրավունքն ասում է, որ նման լայն ծավալի միջամտությունը պետք է լինի վերջին միջոցը: «Նախագծում լրամշակումներ են կատարվել, բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորույթունը, բացառվել է  ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը և սահմանվել է, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ քան արտակարգ դրության ավարտից մեկ ամիս հետո»,- ընդգծեց նախարարը:

Այս թեմայով
am