«Սա երկարաժամկետ պայքար է, և մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը»․ ԱՀԿ ներկայացուցիչ․ Reuters

Վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է։ Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասային, գրում է Reuters-ը։

Նույնիսկ այն պարագայում, երբ վիրուսի տարածման զսպմանն ուղղված միջոցառումները շարունակվում են, տարածաշրջանում վարակի փոխանցման վտանգը չի վերանա, քանի դեռ համավարակը շարունակում է ընդլայնել իր աշխարահագրական դիրքերը, հայտնել է նա։

«Թույլ տվեք հստակություն մտցնել։ Համաճարակը չի կարելի ավարտված համարվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Սա երկարաժամկետ պայքար է, և մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը»,- ասել է Կասային։


Նա զգուշացրել է, որ այն երկրները, որտեղ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի նվազում, չպետք է թուլացնեն իրենց զգոնությունը, հակառակ դեպքում «վիրուսը կարող է վերադառնալ»։

ԱՀԿ-ն չի ակնկալում, որ որևէ երկիր անվտանգ կլինի և զերծ կմնա կորոնավիրուսից, քանի որ այն, ի վերջո, կտարածվի ամենուր, հայտարարել է ԱՀԿ-ի տեխնիկական հարցերով խորհրդական Մեթյու Գրիֆիտը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:

Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում վարակվել է ավելի քան 785 797 մարդ, 37 816-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 165 607 մարդ։ Կորոնավիրուսը տարածվել է ավելի քան 170 երկրներում։

 

Այս թեմայով
am