Որոնք են այն մութ նպատակներըը, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում

«Փաստ» թերթը գրում է. «Այս իշխանությունների համար արդեն սովորական երեւույթ է դառնում կիսատ-պռատությունը բոլոր նախաձեռնությունների մեջ: Երեկ էլ հրավիրված արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրել էր իբր կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված երկու օրենսդրական նախագիծ, որոնք, ինչպես ցույց տվեցին քննարկումները, ուղղակի «ոտքի վրա» կազմված նախաձեռնություններ էին:

Ու պատահական չէ, որ քննարկումների ժամանակ պարբերաբար բարձրացվում էր դրանց արդյունավետության եւ հիմնավորվածության հարցը: Ընդ որում, նաեւ «իմքայլական» որոշ պատգամավորների կողմից: Մասնավորաբար, անձնական տվյալներին միջամտելու հնարավորություն տվող փաթեթի քննարկման ժամանակ բարձրացվեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, սակայն, այդպես էլ չտրվեցին արդարադատության նախարարի կողմից:

Ոլորտի տարբեր մասնագետներ քննարկումներին զուգահեռ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում բարձրաձայնում էին բազմաթիվ մտահոգիչ հարցերի մասին, այդ թվում՝ մշակված տվյալներին մուտք ունեցող մարմինների շրջանակի, տվյալների պահպանման ժամկետների, այդ տվյալների արտահոսքի բացառման երաշխիքների եւ այլ հարցերի մասին:

Հիմնավորվածությունն ու անորոշությունն այնքան մեծ է, որ փորձագետների որոշակի շրջանակ հստակ արձանագրում էր, որ կառավարության այս նախաձեռնության արդյունավետությունը կարանտինի տեսանկյունից գրեթե զրոյական է, սակայն կարող է իշխանությունների համար հիանալի գործիք դառնալ քաղաքական վերահսկողության տեսանկյունից:

Ճիշտ է, 57 կողմ ձայնով «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ մի կերպ անցկացրեց նախագիծը, բայց խնդիրն այն չէ, թե ի վերջո ինչ փոփոխություններ են կրում նման նախագծերը մինչեւ վերջնական ընդունումը, կամ ինչ ճակատագիր են ունենում, էականն այս պարագայում ավանդական դարձող գործելաոճն է ու, առավել եւս, այն հնարավոր մութ նպատակները, որոնք առկա են նման նախաձեռնությունների կոնտեքստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am