Հայաստանը ներկրման սահմանափակումներ ունի միայն Իրանի հետ

Հայաստանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ներկրման սահմանափակումներ ունի միայն Իրանի հետ, մյուս բոլոր սահմաններով ապրանքների ներկրման սահմանափակում չկա:

Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Ներկրումների սահմանափակումներ ունենք միայն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ապրանքաշրջանառությունը կատարվում է պարետի որոշմամբ սահմանված ցանկով: Վերջինս ամենօրյա ռեժիմով թարմացվում և լրամշակվում է ըստ անհրաժեշտության, ըստ բիզնեսի հետ քննարկումների, ստացված ահազանգերի»,-ասաց Օհանյանը:

Նա վստահեցրեց` մյուս բոլոր սահմաններով Հայաստանը չունի ներկրումների սահմանափակում, չկա նաև Վերին Լարսից դեպի Հայաստան եկող գյուղմթերքի և այլ ապրանքների ներկրման խնդիր:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

Այս թեմայով
am