G20-ը 5 տրիլիոն կտրամադրի համաշխարհային տնտեսության վերականգնմանը. կորոնավիրուսային թվերը շարունակում են աճել

«Մեծ քսանյակի» երկրները (G20) խոստացել են 1 միասնական հարթակից պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ եւ համաշխարհային տնտեսության մեջ ներդնել 5 տրիլիոն դոլար՝ ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով: Այս մասին գրում է Deutch Welle պարբերականը:

«Այս համաճարակի դեմ պայքարը պահանջում է թափանցիկ, հզոր, հավասարակշռված,  լայնածավալ եւ գիտականորեն հիմնավորված պատասխան»,-ասվում է հերթական գագաթնաժողովի արդյունքներով կազմված G20-ի համատեղ հայտարարության մեջ: Գագաթնաժողովն այս անգամ անցկացվել է այսօր, տեսակապով՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի ռիսկերը:

«Մենք հաստատակամորեն պատրաստ ենք միասնական ճակատ ստեղծել այս ընդհանուր սպառնալիքի դեմ: G20- ի երկրները համաշխարհային տնտեսության մեջ կներդնեն ավելի քան 5 տրիլիոն դոլար ՝ համաճարակի սոցիալական, տնտեսական եւ ֆինանսական հետեւանքները հաղթահարելու համար, ինչպես նաեւ աշխատատեղերը պաշտպանելու եւ տնտեսական աճը վերականգնելու նպատակով », - նշվում է փաստաթղթում:

G20- ի երկրները խոստացել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանային բանկերի հետ համատեղ արագ զարգացնել հզոր ֆինանսական փաթեթ ՝ զարգացող երկրներին աջակցելու համար:

Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են փոխանակել հետազոտություններ եւ այլ տվյալներ կորոնավիրուսի դեմ պայքարում, ուժեղացնել առողջապահական համակարգերը եւ ավելացնել կարողությունները `բժշկական պարագաների աճող պահանջարկը բավարարելու համար:

«Ապագան պաշտպանելու համար մենք խոստանում ենք ամրապնդել ազգային, տարածաշրջանային եւ համաշխարհային կարողությունները` պատասխանելու վարակիչ հիվանդությունների հավանական բռնկումներին », - ասված է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ անցկացված G20 գագաթնաժողովի համատեղ հայտարարության մեջ:

Իր հերթին, մի շարք անհանգստություններ ունի Միավորված Ազգերի կազմակերպությունը: ՄԱԿ-ն աշխարհի երկրների առաջնորդներին խնդրում է ուշադրություն հրավիրել միլիոնավոր փախստականների եւ տեղահանված անձանց ճակատագրերին, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան ու Լիբիան, որոնք քաղաքական ճգնաժամի պայմաններում չեն կարողանում օգնություն տրամադրել կարիքավորներին:

Մինչ միջազգային կառույցները անհանգստացած են աշխարհին սպառնացող եւ այժմ տասնյակ երկրներում առկա տնտեսական ճգնաժամով, նույն այդ երկրները առայժմ անհանգիստ են միայն ազգաբնակչության պահպանման եւ քաղաքացիների անվտանգության համար: Աշխարհում կորոնավիրուսային վարակի ահագնացող տեմպերն իրապես սպառնալիք են:

ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակը տարածվում է արագ տեմպերով: Չնայած բարձրագոչ հայտարարություններին, այստեղ արդեն 70 հազար հաստատված դեպք կա, միայն Նյու-Յորքում 30 հազար մարդ է հիվանդ վիրուսով: ԱՄՆ-ից ավելի վատ կորոնավիրուսային վիճակագրություն ունեցող երկիրն աշխարհում միայն Իտալիան է: Կորոնավիրուսի հաստատված դեպքեր առկա են ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում, մահացածների թիվը գերազանցում է 1000-ը:

Իտալիայի հյուսիսային շրջաններում, որոնք Covid-19-ի համաճարակի բռնկումից ի վեր ամենամեծ թվերն են գրանցել, այժմ նկատվում է մահերի եւ վարակման ցուցանիշների անկում: Մահացածների մասին տվյալները գրեթե նույն վիճակագրությամբ են շարունակվում, սակայն երկրի իշխանություններն այսօր հավաստիացրել են, որ վարակման թվերը սկսել են կրճատվել: Այժմ մտավախություն կա, որ վիրուսային օջախը Իտալիայի հյուսիսից կարող է շարժվել դեպի արեւմուտք, որտեղ տեղակայված է Իտալիայի աղքատ բնակչությունը: Ընդհանուր առմամբ, Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 74500 դեպք եւ 7503 մահ:

Եվրոպայում ամենաբարդ իրավիճակում այս պահին Իսպանիան է, որը շրջանցել է Չինաստանին՝ կորոնավիրուսից մահերի թվով՝ տխուր վիճակագրությամբ զիջելով միայն Իտալիային: Վերջին 1 օրում միայն երկրում 738 մարդ է մահացել՝ նոր ռեկորդ սահմանելով մահերի թվի ցուցանիշների մեջ: Ընդհանուր առմամբ, իսպանիայում 3435 մահվան դեպք կա:

Չինաստանում, Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով, մինչ այսօր 3291 մարդ է մահացել կորոնավիրուսի հետեւանքով, Իտալիայում՝ 7503:

Այս թեմայով
am