Միջմարզային ուղևորափոխադրումների գործունեությունը դադարեցնելու հետևանքով մի շարք մասնագետներ չեն կարողանում հասնել մայրաքաղաք. Իվետա Տոնոյան

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության հատուկ նիստի ժամանակ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ միայն վերջին ժամերի ընթացքում բազմաթիվ զանգեր են ստանում՝ կապված ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի կայացրած որոշման հետ։

«Մինչև մարտի 31-ը դադարեցվել են միջմարզային ուղևորափոխադրումները՝ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, և այս մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ ահազանգեր ենք ստացել մարզերում բնակվող մեր այն հայրենակիցներից, ովքեր աշխատում են Երևանում, խոսքը այն աշխատողների մասին է, որոնց գործունեության վրա՝ պարետատան որոշմամբ սահմանափակում չի եղել։

Հասկանում եմ, որ անվտանգության նկատառումներով անհրաժեշտ է եղել որոշակի քայլերի ձեռնարկումը, սակայն այս պայմաններում, երբ օրավարձով աշխատող բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից, այս մարդկանց բանակին ավելացնել ևս մի մեծ խումբ, ովքեր զրկվելու են իրենց ոչ աստղաբաշխական աշխատավարձներից, կարծում եմ, որ անթույլատրելի է։

Քանի որ կա միջմարզային 144 կազմակերպություն, որոնք իրականացնում են ուղևորափոխադրումներ և դրանք մասնավոր ընկերություններ են, պետական սուբսիդիայի միջոցով հնարավորություն ընձեռել, որոշակի հերթապահություն սահմանել, որ մարզերից՝ անվտանգության նորմերը պահպանելով, հնարավորություն ընձեռնվի այս մարդկանց տեղափոխումն իրականացնել»,- ասաց Տոնոյանը։

Գագիկ Ծառուկյանն էլ երկրորդելով Տոնոյանին նշեց, որ իրեն զանգել են անվճար միջմարզային երթևեկություն իրականացնող ընկերությունից և ասել այդ  որոշման մասին, ինքն էլ ասել է, եթե որոշում է եղել՝ դադարեցրեք։

 

Այս թեմայով
am