ԱՆ․ ՔԿՀ-ներում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան

Քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ` քրեակատարողական հիմնարկներում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններիս մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։ Այդ մասին հայտարարել է Արդարադատության նախարարությունը` պարզաբանելով լուրերը, թե կալանավորների բուժումոը դադարեցվել է. նշվում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Մի շարք լրատվամիջոցներից ահազանգեր էին ստացվել, թե քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերով պայմանավորված «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բուժումը դադարեցվել է, և նրանք տեղափոխվում են այլ քրեակատարողական հիմնարկներ։

«Ելնելով արտակարգ իրավիճակում կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև կարևորելով վարակի հնարավոր տարածման դեպքում կանխարգելիչ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, ովքեր իրենց առողջական վիճակով պայմանավորված ենթակա են դուրս գրման ստացիոնար բաժանմունքներից, տեղաբաշխվում են այլ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք շարունակելու են ստանալ պատշաճ բժշկական օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ ևս հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը լիովին վերահսկելի է։

 

Այս թեմայով
am