Արցախի Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

 Արցախի պաշտպանության նախարարությունն անհիմն և իրականության հետ աղերս չունեցող է համարում քաղաքացիների շրջանում շրջանառվող լուրերն առ այն, որ իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսով զինծառայողների վարակման դեպքեր, և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այս մասին Meganews.am-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Սիրելի հայրենակիցներ.

Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:

Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսևորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս թեմայով
am