Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային և լայն սպառման ապրանքների որևէ դեֆիցիտ չունեցավ և չունի

Համերաշխության պտուղը քաղելու ենք աղետին հաղթելու բաղձալի օրը «Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային և լայն սպառման ապրանքների որևէ դեֆիցիտ չունեցավ և չունի:

Այսպիսի արդյունքով չեն կարող պարծենալ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ: Եվ սա մեր գործարարների, աշխատող հայ մարդու տաղանդի շնորհիվ»:

Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձի այս հատվածը նշանակում է, որ գործարար համայնքը ըմբռնումով է մոտենում իրավիճակին, իր տեղում հրաշք գործելով։ Անվիճելի է, որ հարուստը, գործարարը մասնակցում են համազգային պայքարին՝ կոչմանը հավատարիմ լինելով։

Յուրաքանչյուրն իր տեղում անում է հնարավորն ու երբեմն՝ անհնարին թվացողը։ Եվ այստեղ ոչ ոք ոչ ոքի պարտք չի, և շնորհակալություն կամ փոխհատուցում չի ակնկալում, որովհետև աղետ է։

Հարկ է ուշադրություն դարձնել, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք արտակարգ դրության իրավիճակում ֆինանսական խնդիրների առաջ են հայտնվել։ Եվ իշխանությունները կարող են ոչ միայն չպարծենալ գործարարների ազգանվեր ներդրումներով, այլև իրավական կարգավորումներ կիրառել, որ բավարարվեն արտակարգ դրության հետևանքով պարապուրդի մատնված աշխատողի և գործատուի իրավունքները։

Այսպիսով՝ սոցիալական պատասխանատվությունը կվերաճի սոցիալական համերաշխության, որն անհրաժեշտ է ոչ միայն պանդեմայի դեմ պայքարում, այլև հետպանդեմիական շրջանում վերականգնման և զարգացման ծրագրեր իրականացնելիս։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը երեկ տեղեկացրեց, որ արտակարգ դրության պայմաններում հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողներին վճարելու կարգի և պարտավորության մասին լրացուցիչ նախագիծ է մշակվում։ Ասել է, թե՝ օրենքով կկարգավորի խնդիրը։

Այս կարգավորումը էական նշանակություն ունի սոցիալական համերաշխության ամրացման համար։ Ի դեպ՝ այս խնդրի վերաբերյալ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մեկնաբանությունը հակոտնյա է Ժորա Սարգսյանի տեսակետին և վարչապետի ուղերձի ոգուն։

Պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ (մասնավորապես՝ խորհրդային բռնազավթման տարիներին), երբ սոցիալական աղետների ժամանակ հալածվել են գործարարը, հարուստը, ձեռներեցը, մարդասերը։ Դա ոչ միայն խորացրել է աղետը, այլև սահմանափակել աղետից հետո երկրի վերականգնման հնարավորությունները։

Կարճ ասած՝ աղետի դեմ պայքարում և՛ հարուստի ֆիլանտրոպիան, և՛ գործարարի հրաշալի ներդրումը, և՛ բարիք ստեղծողի նկատմամբ եղբայրաբար վերաբերմունքը, և՛ աշխատողի սոցիալական պաշտպանությունն ունեն հեռանկարային համալիր նշանակություն, որի քաղցր պտուղը քաղելու ենք աղետին հաղթելու բաղձալի օրը։

Թաթուլ Մկրտչյան

 

 

Այս թեմայով
am