Քաղաքացիները պետք է վճարեն Varks.am-ից վերցված վարկերի գումարները․ «Իմ քայլի» պատգամավոր

Կենտրոնական բանկի կողմից Varks.am կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը նշանակում է, որ ընկերությունը վարկավորում չի կարող իրականացնել, այսինքն՝ լիցենզիայով պայմանավորված գործառնությունը, բայց որպես իրավաբանական անձ՝ կազմակերպությունը դեռ կա և ունի պարտավորություններ ու իրավունքներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը։

«Ընկերությունը վարկավորում չի կարող իրականացնել, բայց տրված վարկերի գումարները պետք է հավաքագրեն՝ պարտավորությունները կատարելու համար։ Երկու կողմ կա՝ քաղաքացիներ, որոնք վարկ են վերցրել, և իրավաբանական անձեր՝ բանկեր, որոնցից ինքն էլ է միջոցներ ներգրավել։ Այսինքն՝ ներգրավել է և տվել է քաղաքացիներին։ Ընկերությունը պետք է գումարները շուկայից հավաքի և լիցենզիան ուժը կորցնելուց հետո էլ իր պարտավորությունները կատարի, որպեսզի համակարգի համար խնդիրներ չառաջանան հետագայում»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե Varks.am-ից վարկ վերցրած քաղաքացիները վճարումներ չկատարեն, ընկերությունը՝ որպես իրավաբանական անձ, իր պայմանագրերի ուժով այդ գումարները կարող է հավաքագրել․ «Ուղղակի հետագա ընթացքին է վերաբերում լիցենզավորումն ուժը ճանաչած կորցնելը, ընկերությունը հետագայում վարկավորում չի կարող իրականացնել, բայց նախկին պայմանագրերով ստացվելիք գումարները պետք է հավաքագրի»,- ասաց Եղիշե Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անվճարունակության հարց կա։


«Տեղյակ չեմ սնանկության կամ անվճարունակության խնդիրներ կան, թե ոչ։ Եթե ընկերությունը սնանկության չափանիշներին համապատասխան լինի, լուծարային կառավարիչ կնշանակվի։ Եթե վարկային կազմակերպությունը գնա լուծարման, այդ ժամանակ լուծարային կառավարիչ է նշանակվում, որը իրականացնում այդ ընթացքի կառավարումը։ Բայց կրկնում եմ՝ այս դեպքում հնարավոր է՝ լուծարային կառավարչի խնդիր չլինի, որովետհև սովորաբար այն դեպքում է նշանակվում, երբ վարկային կազմակերպությունը կամ բանկը սնանկ է»,- ասաց նա։

Այս թեմայով
am