«Կորոնավիրուսը չի հարցնելու` դու ԲՀԿ-ի՞ց ես, «Լուսավորի՞ց» ես, թե՞ «Իմ քայլից». Ալեն Սիմոնյան

Այս օրերին մենք մի դրական երեւույթի ենք ականատես լինում. դա թեկուզ ոչ կատարյալ, բայց միասնությունն է քաղաքական դաշտում, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ խորացնենք այդ միասնությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կորոնավիրուսը չի հարցնելու դու  «Բարգավաճից» ես, «Լուսավորից» ես, թե «Իմ քայլից» ես, երկիրը միակն է բոլորիս համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քննադատություններին, Սիմոնյանը բոլոր գործընկերներին դիմելով՝ ասաց, որ աշխարհը նման օրինակ չի տեսել եւ ինֆորմացիոն հոսքի ծավալը իր ազդեցությունն ունենում է:

«ՀՀ իշխանությունն անցած երկու տարիների ընթացքում ապացուցել է իր՝ լրատվամիջոցների հետ աշխատանքի եւ ժողովրդավարության առումով բաց լինելու բարձր մակարդակը: Դրա մասին խոսվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է զերծ պահենք երկիրը շահարկումներից: «Եկեք չմոռանանք, որ փաստացի պատերազմող երկիր ենք եւ այս իրավիճակը կարող  է հակառակորդի կողմից օգտագործվել: Եկեք հասկանաք մի պարզ, հասարակ բան. ՀՀ իշխանությունը ասում է ամեն ինչ, ինչ կատարվում է Հայաստանում, չի թաքցնում, չի ստում եւ այդպես էլ շարունակվելու է», -ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ սահմանափակումները միտված են դրան, բայց նաեւ քննարկվում է հնարավորինս դրանք մեղմացնելու տարբերակները:

ԱԺ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ շուտով դուրս ենք գալու այս իրավիճակից:

Այս թեմայով
am