Վրաստանում Արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին:

Ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասել է Գախարիան՝ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում, որի ժամանակ խոսվել է նաև երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: «Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին:

Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- նշել է Գախարիան: Նշենք, որ այսօր՝ մարտի 21-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշման մասին: Վարչապետի առաջարկությամբ նախագահը կհայտարարի արտակարգ դրություն, ինչը կհաստատվի խորհրդարանի կողմից: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:

Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման են անցել, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, մթերային խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը որոշում է կայացրել լրատվամիջոցների հետ աշխատել առցանց, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս: Արգելվել է երթուղային տաքսիների երթևեկը, սպորտդահլիճների գործունեությունը:

Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր:

Աղբյուր՝ aliq.ge Նյութի աղբյուրը` Yelaket.am

Այս թեմայով
am