Էներգիա քիչ ենք ծախսում, պետք է պակասեցնենք ճարպերը․ ինչ է խորհուրդ տալիս ուտել այս օրերին սննդաբանը

Այս օրերին Հայաստանի փողոցները համեմատաբար դատարկ են, համալսարանները, դպրոցները, շատ աշխատատեղեր՝ փակ։ Մարդիկ մնում են տանը, որպեսզի չվարակվեն, սակայն ճիշտ կլինի նստակյաց այդ իրավիճակում հետեւել նաեւ առողջ ու ճիշտ սննդակարգին։

Քիչ ճարպեր, շատ միրգ ու բանջարեղեն

Սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը մեզ հետ զրույցում խորհուրդ տվեց սննդի կալորիականությունն իջեցնել, քանի որ հիմնականում մարդիկ տանն են, էներգիայի ծախսը, ակտիվությունը քիչ է։ Պետք է մեր սննդի մեջ պակասեցնենք ճարպերը, տապակած մթերքները, շաքարը, որպեսզի ավելորդ կիլոգրամներ չհավաքենք։ Եթե օգտագործում ենք, գոնե ոչ կիսատ-պռատ, որոշները՝ օրինակ՝ միսը պետք է երկար մշակել։ Ճիշտ չէ նաեւ օրերով ուտելու համար՝ երկարաժամկետ մթերքների պատրաստումը, պետք է պատրաստել եւ ուտել։ Ընդհանրապես լավ կլինի սննդի քանակն էլ այս օրերին քչացնել։

Աբովյանի կարծիքով՝  շատ ծանր սննդին կարող են փոխարինել բանջարեղենը, միրգը, որոնք նաեւ դիմադրողականության բարձրացման համար են․ «Մրգերը, բանջարեղենը պետք է կազմեն սննդակարգի զգալի մասը»։

Նա հավելեց, որ ընդհանրապես դիմադրողականությունն ընկնում է կողմնակի խրոնիկ հիվանդություններից։ Երիտասարդ եւ միջին տարիքի մարդկանց, որոնք չունեն նման հիվանդություններ, դիմադրողականությունը հիմնականում բարձր է, եւ նրանք կարող են շատ չվախենալ վիրուսներից։

Պետք չէ մոռանալ նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների մասին։ Ինչպես նշեց մասնագետը, ցիտրուսները, սոխը, սխտորը չեն պաշտպանում վիրուսներից, այլ անհրաժեշտ է պահպանել հիգիենան․ «Բանջարեղենը եւ միրգը պետք է լինեն թարմ եւ շատ լավ լվացված, կանաչեղենը՝ եւս»։

Նա խորհուրդ տվեց խանութից փաթեթավորված սնունդ գնելու դեպքում՝ նախ արտաքին մասը մաքրել, այնուհետեւ բացել, որովհետեւ դրան կարող են դիպչել շատ մարդիկ, կեղտոտ ձեռքեր։ Չմաքրելու դեպքում՝ կարող ենք արտաքին մասի վրա առկա մանրէները քսել ներսի մաքուր հատվածին։

Շատ հեղուկներ, ջուր եւ թեյեր

Եվ վերջում․ մեր օրգանիզմին անհրաժեշտ են շատ հեղուկներ՝ սովորական ջուր կամ թեյեր։ Մասնագետի խոսքով՝ վիրուսները, որոնց դեմ յուրահատուկ բուժում, հատուկ դեղորայքներ չկան, օրգանիզմից դուրս հանելու լավ միջոց են հեղուկները։

«Նրանք, որոնք շատ են օգտագործում միրգ եւ բանջարեղեն, կարող են համեմատաբար քիչ օգտագործել ջուր»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ դրանք իրենցով արդեն ջրի աղբյուր են։

armtimes.com

Այս թեմայով
am