Հայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մրցույթի հաղթողները

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հայ դաշնակահարների համար «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հայտարարած մրցույթի լսումների փուլը։

Մասնակիցների ունակությունները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին՝ ի դեմս անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի, Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի և հայ ականավոր կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի։ Նշենք, որ ժյուրիի ամբողջական կազմը, անաչառության սկզբունքը պահպանելու նկատառումներով, մինչ լսումները չի բացահայտվել։

Լսումների արդյունքում ընտրվել է տասը հաղթող հայ դաշնակահար, որոնց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC) հնարավորություն կընձեռեն անվճար մասնակցություն ունենալ Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, որոնք կայանալու են ս.թ. մայիսի 3-ից 10-ը Մալթայում։ Նրանց նաև կտրամադրվեն հրավիրատոմսեր՝ մասնակցելու Մալթայի միջազգային երաժշտական փառատոն 2020-ի  համերգներին:

Հաղթողներն են՝ Աբրահամյան Գաբրիելա, Կարապետյան Արիանա, Ղուկասյան Աստղիկ, Մարդանյան Տիգրան, Միքայելյան Մարգարիտա, Մսրյան Գառնիկ, Պոլոյան Վալերի, Սարգսյան Գուր, Փոշոտյան Մարի։

Վարպետության դասերը վարելու են անվանի դաշնակահարներ Դմիտրի Ալեքսեևը (ՄԲ), Յուրի Դիդենկոն (ՌԴ), Պաբլո Գալդոն (Իսպանիա), Գրիգորի Գրուզմանը (Գերմանիա), Վերա Կամենևան (ՌԴ), Միխայիլ Խոխլովը (ՌԴ), Ջուլիանո Մազոկանտեն (Իտալիա), Անխել Սանզոն (Իսպանիա) ու Արկադի Զենզիպերը (Գերմանիա)։

Հիշեցնենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի գործունեությունն ուղղված է հայ մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը` ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Այս թեմայով
am