«Կրեմլն աշխատում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ մարտի 5-ին կամ 6-ին հնարավոր հանդիպման ուղղությամբ»․Պեսկով

Կրեմլն աշխատում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հնարավորության ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

Նրա խոսքով ՝ պետությունների ղեկավարների բանակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում՝ մարտի 5-ին կամ 6-ին:
«Ներկա պահին, այդ թվում նաև՝ երկու նախագահների այսօրվա հեռախոսազրույցի արդյունքները հաշվի առնելով, աշխատում ենք Մոսկվայում մարտի 5-ին կամ 6-ին, այսինքն՝ հաջորդ շաբաթ, բարձր մակարդակի հանդիպման հնարավորության ուղղութամբ»,- ասել է Պեսկովը։

Մարտի 5-ին Ստամբուլում նախատեսված է Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ գագաթնաժողովը: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ բանակցություններին կմասնակցի նաև Պուտինը, սակայն Կրեմլում հերքել էին այդ լուրը՝ հայտնելով, որ Ռուսաստանի նախագահի գրաֆիկում նման հանդիպում նախատեսված չէ։


Այսօր՝ փետրվարի 28-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման հարցը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, սիրիական օդուժի հարվածների հետևանքով Թուրքիան Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Յումիթ Դյունդարի և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքյուզի հետ միասին մեկնել է թուրք-սիրիական սահման, որտեղից ղեկավարում է թուրքական բանակի գործողությունները սիրիական Իդլիբում:

Սիրիական Իդլիբում տեղի ունեցածին անդրադարձել է ԱՄՆ-ն: Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ԱՄՆ-ն «աջակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին», և կոչ են արել անհապաղ դադարեցնել «Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի հարձակումները»:

Կատարվածին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքըն` հայտարարելով, որ «Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար», որոնց ժամանակ 30-ից ավելի թուրք զինծառայող է մահացել:

Մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը, որն աջակցում է Սիրիայի կառավարական բանակին: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ փետրվարի 27-ին սիրիական բանակի բացած կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները գտնվում էին հարձակումներ կատարած գրոհայինների շարքերում:

Այս թեմայով
am