«Սումգայիթի կոտորածները պետք է մշտապես հիշատակել միջազգային հանրության հետ շփումներում». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «32 տարի առաջ այս օրերին՝ փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում, Բաքվից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով իրականացրեցին տեղի հայ ազգաբնակչության կոտորած, ցեղասպանություն և զանգվածային տեղահանություն։ Երեք օր շարունակված կոտորածների արդյունքում, տարբեր գնահատականներով, սպանվել են մի քանի հարյուրից մինչև հազարից ավելի հայեր, վիրավորվել ու խոշտանգվել են հարյուրավոր մեր հայրենակիցներ, իսկ Սումգայիթի 18 հազար բնակիչներ այդ իրադարձություններից հետո դարձել են փախստականներ՝ մազապուրծ լինելով կոտորածներ իրականացնող ադրբեջանական պետական մեքենայից։

Միայն փետրվարի 29-ին իրավիճակը հանդարտեցնելու նպատակով խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ։
Սումգայիթի կոտորածները բացահայտեցին Ադրբեջանի իշխանությունների հակահայկական, հակամարդկային, ցեղասպան բնույթը։ Այդ իրադարձությունները եկան ապացուցելու, որ Ադրբեջանի կազմում գտնվելն այլևս էքզիստենցիալ անվտանգության վտանգ է ներկայացնում հայ ազգաբնակչության համար։ Բայց Սումգայիթի ջարդերը չտվեցին այն արդյունքը, որը հաշվարկել էին Ադրբեջանի իշխանությունները։ Վերջիններս մտածում էին հայերի կոտորածով հարված հասցնել նոր թափ հավաքող ղարաբաղյան շարժմանը, ջլատել ու պառակտել այն։ Սակայն Սումգայիթի կոտորածներից հետո ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ազգաբնակչությունը դարձավ ավելի միակամ ու հաստատակամ և նոր թափով լծվեց ղարաբաղյան շարժմանը։

Սումգայիթի կոտորածները պետք է մշտապես հիշատակել հատկապես միջազգային հանրության հետ շփումներում՝ այն ներկայացնելով որպես ապացույց, որ արցախահայերը որևէ կարգավիճակով, որևէ պարագայում չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում։
Սումգայիթի ցեղասպանությունը Բաքվի հակահայ քաղաքականության կենդանի վկայությունն է, որին զոհ են գնացել հարյուրավոր հայեր։ Մենք հիշում ու ոգեկոչում ենք Սումգայիթի զոհերի հավերժ հիշատակը, որի առաջ մեր պարտքը կատարելու համար անում ենք և պարտավոր ենք անել առավելագույնը՝ ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման համար։
Խոնարհումս Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակի առաջ»։

 

Այս թեմայով
am