Միլիարդների վերադարձը. ինչ են պայմանավորվելու հանրությունն ու Նիկոլ Փաշինյանը

Մանդատ եմ ստացել նաև միլիարդները հետ բերելու համար՝ նախօրեին իրավապահների հետ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով և հանձնարարելով ավելացնել հակակոռուպցիոն պայքարի դինամիկան ու ծավալները:

Հարցի իրավաքաղաքական և բարոյահոգեբանական կողմը հասկանալի է, այն շատ քննարկված է, թեև խնդիրը այնքան բազմաշերտ է, որ ունի քննարկումների լայն տեղ: Այդուհանդերձ, կա նաև հարցի, այսպես ասած, հաշվապահական կողմը: Քանի՞ միլիարդի մասին է խոսքը: Եվ այդ հարցը սկզբունքային նշանակություն ունեցող հարց է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հանրությունն այդ առնչությամբ ունի տարաբնույթ պատկերացումներ ու կարծիքներ: Իսկ հաշվի առնելով այն, որ խոսքը հանրային գիտակցության և հոգեբանության մեջ բավականին խոր հետք թողած խնդրի մասին է, պետք է նկատել, որ դրա պատասխանը, դրա սահմանումը կամ ճշգրտումները ստանում են, այսպես ասած, հասարակաստեղծ նշանակություն, պայմանավորելու են հասարակական կյանքի ապագան օրակարգի և մթնոլորտի տեսանկյունից:

Ի վերջո, հանրային պատկերացումները որքանո՞վ են ռացիոնալ միլիարդների մասին, որքանո՞վ են իրատեսական, թե՞ դրանք ձևավորվել են նաև նախկին տարիներին ընդդիմությունների ներազդեցության շնորհիվ, որի նպատակն էր առավել սրել հանրության բացասական վերաբերմունքը իշխող համակարգի հանդեպ: Որովհետև խնդիրն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո հանրությունն արդեն կարող է հայտնվել այդ վերաբերմունքի ծուղակում՝ անընդհատ գտնվելով միլիարդների վերաբերյալ քննարկումների և դիտարկումների, անընդհատ սպասումների մեջ, բաց թողնելով ստեղծարար օրակարգի հնարավորությունը: Եվ այդ հարցի հանգուցալուծման գործում առանցքային շահագրգռություն պետք է ունենա կառավարող նոր վերնախավը, որի հեռանկարային շահը պետք է ենթադրի հնարավորինս արագ հանրային անցում ստեղծարար օրակարգի: Ըստ այդմ էլ՝ վերնախավը պետք է հնարավորինս արագ լուծի պետությունից յուրացվածի հարցը՝ գոնե սկզբունքային ընդհանուր շրջանակներում, և նաև օգնի հանրությանը հաղթահարել այդ հարցի հոգեբանական ներգործությունը:

Դրա վերաբերյալ խոսակցություն Նիկոլ Փաշինյանը ծավալեց խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավի ընթացքում, բայց մասամբ: Նա անդրադարձավ այն հանգամանքին, թե վերադարձի ո՞ր ծավալն է, որ պետք է բավարարի հանրությանը տվյալ անձի հանդեպ «համաներման» համար: Իսկ այդ հարցի պատասխանն էլ հնարավոր է, եթե պարզ լինի, թե ով ինչքան պետք է վերադարձնի, ով ինչքան ունի իրականում, ունեցածի հարաբերակցությունն ինչպիսին է ծագման օրինականության տեսանկյունից, որքան են, ի վերջո, միլիարդները, ինչ գնահատական ունի այդ առնչությամբ նոր իշխանությունը, և ինչքանով է այն տարբերվում հանրության գնահատականից,գրում է՝ 1in.am

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Այս թեմայով
am