Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչնդոտելու նոր ձեւ է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է:

Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Այս մասին հայտնեց բեռնափոխադրողներից մեկը։ Ֆուռերում կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները ապօրինի գործողություններ են կատարում։ Խլում են բեռնափոխադրող վարորդների վարորդական վկայականները և փաստացի կալանավորում են մեքենաները։ Պատճառաբանում են, որ պետք է ստուգեն տեղափոխվող խմիչքի որակը, այն դեպքում, երբ խոսքը տարանցիկ բեռների մասին է, որոնք ոչ թե Վրաստանում են իրացվելու, այլ` Ռուսաստանում։

«Ես արդեն 20 օր կանգնած եմ տերմինալում,- ասում է վարորդներից Ա.-ն,- ինձ ասեցին, որ պետք է կոնյակի սպիրտի որակը ստուգեն լաբորատորիայում։ Վրաստանի լաբորատորիան ստուգեց և եզրակացրեց, որ որակը բավարար է, բայց ինձ էլի բաց չթողեցին, ասելով, որ պետք է փորձանմուշներ վերցնեն ու ուղարկեն Ֆրանսիայում գտնվող ինչ-որ լաբորատորիա, որ այնտեղ էլ ստուգում իրականացնեն։ Կարող է ստուգեն բեռը, եթե մաքսանենգության կասկած կա, կամ եթե ինֆորմացիա ունենան, որ զենք ենք տեղափոխում։ Բայց սպիրտի որակը ստուգելու իրավունք չունեն։ Ինձ հետ առաջին անգամ է նման բան կատարվում։ Եթե մեզ մի օր էլ պահեն, շուռ ենք տալու ֆուռերը հետ, գանք կառավարության շենքի մոտ»։

Տրանսպորտային ընկերությունն ուշացման մեկ օրվա համար 20 000 դրամ է պահանջում բեռների տերերից։ Նրանք կարծում են, որ Վրաստանի իշխանությունները սահմանին խոչընդոտներ ստեղծելով հայկական ընկերությունների համար, ձգտում են դուրս մղել նրանց խմիչքի ռուսական շուկայից, այդ տեղը վրացական արտադրության ոգելիցով լրացնելու համար։

«Հրապարակը» դիմեց արտգործնախարարություն և Վրաստանում Հայաստանի դեսպանատանը, փոխանցելով այդ ատյաններին բեռնափոխադրողների բողոքը։ «Դեսպանությունը տեղյակ է, և քայլեր ձեռնարկվում են»,- պատասխանեց ԱԳՆ խոսնակ ԱՆՆա Նաղդալյանը, չհայտնելով, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։ «Արդեն զբաղվում ենք խնդրով։ Շնորհակալություն տեղեկատվության համար»,- հաղորդեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am