«Սերժի Հրայրին կփոխարինի Նիկոլի «Հրայրը»». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժի Հրայրին կփոխարինի Նիկոլի «Հրայրը»:

Հեղափոխությունն, առաջին հերթին, ենթադրում էր նոր Սահմանադրության ընդունում։ Պատճառների մասին երկար չխոսեմ՝ դրա անհրաժեշտությունը չկա։ Ակնհայտ էր, որ երկրին պետք է Հիմնական օրենք, որի լեգիտիմությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնում ու նաև՝ պետք է վերացնել սահմանադրական, ինստիտուցիոնալ այն բազան, որը խրախուսում է անձնիշխանությունը, կամ՝ ինչպես ոմանք են ասում, սուպերվարչապետական համակարգը։
Պահը բաց թողվեց, չարվեց։
Խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվեցին ոչ միայն սուպերվարչապետական համակարգի առկայությամբ, այլ նաև՝ հին Ընտրական օրենսգրքով։ Արդյունքը կանխատեսել էի ընտրություններից առաջ՝ ունեցանք քաղաքական բովանդակության առումով թույլ ու խոցելի, գործադիրի կրնկի տակ գտնվող ԱԺ, որն ոչ միայն իշխանության կենտրոն չէ, այլ նույնիսկ քաղաքական կյանքի թատերաբեմ չէ։
Հիմա գործընթացը դարձյալ թարս ենք անում։ Անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերը չենք վերացնում, այլ խոսքով՝ նոր Սահմանադրություն կամ սահմանադրական գլոբալ փոփոխություններ չեն արվում՝ գործընթացը հետաձգելով երեք-չորս տարի։ Փոխարենը՝ գնում ենք Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխությանը, ինչի հետևանքով Սերժի Հրայրին կփոխարինի Նիկոլի «Հրայրը»։ Անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի առկայության պայմանններում այլ բան հնարավոր չէ ակնկալել․ նայեք խորհրդարանի որակը ու կպատկերացնեք ապագա ՍԴ բովանդակությունը։
Արդ, մեր պահանջը մնում է նոր Սահմանդրության ընդունումը, որը կբացառի անձնիշխանության ամրապնդման ինստիտուցիոնալ հիմքերը, մնացածը՝ իշխանության մասնավոր օրակարգն է, որի մասնակիցը լինել չենք պատրաստվում»:

Այս թեմայով
am