Ինչպիսի՞ն է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը

Կորոնավիրուսի չինական վիճակագրությունը

ԱՀԿ պաշտոնական վերջին տվյալներով՝ աշխարհում զոհերի թիվը հասել է 2764-ի, որից 2715-ը՝ Չինաստանում։ Վարակվածների թիվը 81 հազար է, 78 հազարը՝ Չինաստանում: Կորոնավիրուսի տարածման արագությունը Չինաստանում զգալիորեն նվազել է: Եթե նախորդ օրերին 24 ժամում զոհերի թիվը 100-ի սահմանում էր, ապա այժմ կիսով չափ կրճատվել է: Զգալի փոփոխություն է նկատվում նաև նոր դեպքերի գրանցման տեմպերի իմաստով: Այժմ ստացվում է, որ ընդհանուր ախտահարվածների դեպքում մահացությունը կազմել է մոտ 3,5 տոկոս: Բուժվածների թիվն արդեն իսկ մոտ է 30 հազարի:

Իտալիան՝ կորոնավիրուսի տարածման նոր օջախ

Փոխարենը այս պահին առավել անհանգստացնող է մնում Իտալիայում և Իրանում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի աճը: Իտալիայում գրանցված է ավելի քան 320 հիվանդ, իսկ զոհերի թիվը՝ 11: Սա է պատճառը, որ Իտալիայում խստացումներ են եղել, հատուկ, այսպես ասած, կարմիր գոտիներ են սահմանվել: Մարդիկ հատկապես առավել վտանգավոր շրջաններում նախազգուշական հատուկ միջոցներ են ձեռնարկում: Իտալիան այս պահին Եվրոպայում վիրուսի տարածման օջախ է համարվում:

Շվեյցարիայում, Խորվաթիայում և Ավստրիայում գրանցված առաջին դեպքերն այն մարդկանց մոտ են, որոնք եկել են Իտալիայից: Այսօր նոր դեպք է գրանցվել Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Իսկ Ֆրանսիան հայտնել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին: Ալժիրում ևս կորոնավիրուսի դեպք է գրանցվել, հիվանդը դարձյալ Իտալիայի քաղաքացի է: Իտալիայից վերադարձած մեկ մարդու մոտ կորոնավիրուս հայտնաբերվել է նաև Բրազիլիայում: Սա Հարավային Ամերիկայում առաջին դեպքն է:

 

Իտալիայի հետ սահմանը փակելն անհամաչափ միջոց է

Հարցը քննարկելու համար երեկ Իտալիայում կոնֆերանս է տեղի ունեցել, որին մասնակցել են եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության նախարարները: Դրանից հետո Իտալիայի առողջապահության նախարարը փոխանցել է Իտալիայի հարևան երկրների՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումը սահմանը չփակելու մասին: Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան ասել է.

«Իտալացիների տեղաշարժի համար սահմանափակումներ չկան: Սա առաջին դիտարկումն է, որ արել են Իտալիային սահմանակից երկրները: Նրանք ցանկանում են փոխանցել այն միտքը, որ սահման փակելը սխալ է, անհամաչափ և սխալ միջոց»: Բայց Գերմանիան այսօր հայտնել է մեկ դեպքի մասին, որից հետո երկրի արևմտյան շրջաններում որոշ դպրոցներ, մանկապարտեզներ և հաստատություններ փակ են:

Իրանը՝ որպես տարածաշրջանի անհանգստացնող օղակ

Իրանը ևս անհանգստացնող օղակ է հատկապես Հայաստանի համար: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 139-ի, որոնցից 19-ը մահացել է: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

                    Չինաստանում կփորձարկվի նոր պատվաստանյութը

Այս ընթացքում Չինաստանն արդեն հայտարարել է, որ պատվաստանյութ են պատրաստել կորոնավիրուսի դեմ։ Գիտնականները պլանավորում են այն հնարավորինս արագ լրամշակել՝ նախքան կլինիկական փորձարկումները: Պատվաստանյութի ներգործությունը հիմնվում է բնական իմունիտետի խթանման վրա:

Մասնավորապես՝ այդ պատրաստուկի շնորհիվ օրգանիզմում պետք է առաջանա անտիգեն, որը գործում է կորոնավիրուսի սփայք-սպիտակուցների դեմ: Հենց այդ սպիտակուցների շնորհիվ է վիրուսը ներթափանցում օրգանիզմ և սկսում բազմանալ: Նոր միջոցն ակտիվացնում է իմունային գործընթացները, այդ թվում՝ հիվանդի լորձաթաղանթը, ինչը նրա բնական պաշտպանությունը պատրաստում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Մշակողների մտահղացմամբ՝ պատվաստանյութը պետք է թողարկեն հաբերով:

Այս թեմայով
am