ԱԺ պատգամավորը պնդում է, որ ինքը պետք է գնա Օլիմպիադա

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը անարդարացի է համարում սպորտաձևի մարզչական խորհրդի որոշումը, ըստ որի՝ 2020 թվականի օլիմպիական խաղերում 77 կգ քաշային կարգում Հայաստանից հանդես է գալու Կարապետ Չալյանը։

«Ես և Լևոն Ջուլֆալակյանն անցած տարվա սեպտեմբերին հանդիպել էինք ՀԱՕԿ-ի և ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահների հետ, որի ժամանակ պայմանավորվել էինք, որ այդ քաշային կարգում օլիմպիական խաղերի մասնակիցը պետք է որոշվի այս տարվա գարնանը նախատեսված մրցաշարերից մեկում։ Սակայն դեկտեմբերի 24-ին, երբ ես հավաք էի անցկացնում ԱՄՆ-ում, մարզչական խորհուրդը տեղեկացրեց, որ օլիմպիական ուղեգրի հարցը որոշվելու է այս տարվա հունվարին Նիսում կայանալիք մրցաշարում։ Ես չեմ մասնակցել դրան, քանի որ նախապես ծրագրավորել էի մասնակցել Դանիայի մրցաշարին։

Ես և իմ հայրը, ով 20 տարի շարունակ գլխավորել է Հայաստանի հավաքականը, ընդամենը պահանջում ենք կազմակերպել ևս մեկ ստուգատես իմ և Կարապետ Չալյանի մասնակցությամբ։ Ով հաղթող դուրս կգա դրանում, նա էլ թող գնա Օլիմպիադա», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը։

Այս թեմայով
am