Ստուգումներ «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ»-ի շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ»-ի արտադրամասում և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ի նավթամթերքի պահեստում

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկացնում են․

«ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները՝ 2020թ. հունվարի 20-31-ը ներառյալ, ստուգումներ են իրականացրել  «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության արտադրամասում և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում։

Ստուգման արդյունքում ընկերություններում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումները։ Մասնավորապես՝ «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության վարչական մասնաշենքի մուտքի դռները բացվում էին դեպի ներս, սակայն մինչ ստուգման գործընթացի ավարտը դռների բացման ուղղությունը ձևափոխվեց ելքի ուղղությամբ։ Գործարանն ամբողջությամբ համալրված չէ հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով, այն առկա է միայն հումքի պահեստում։

 «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության վարչական շենքը, արտադրամասը և պահեստները չունեն հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, արտադրամասը սարաքավորված չէ ներքին հակահրդեհային ջրացանցով՝ հրշեջ ներքին ծորակներով։

  «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում՝ նավթամթերքի տարաներից չի պահպանվում հարևանությամբ գտնվող բնակելի տներից հակահրդեհային միջտարածությունը, նավթամթերքի տարաների հարթակները թմբապատված չեն, պահեստը չունի արտաքին հակահրդեհային ջրամատակարարում և հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, ինչպես նաև քարաշեն օժանդակ շինության կտուրի փայտյա հիմնատարերը մշակված չեն  հրապաշտպան լուծույթով։

Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ընկերությունների տնօրինության և աշխատակիցների հետ տարվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ, որի արդյունքում  մի շարք խախտումներ և բացթողումներ վերացվել են տեղում, մյուս մասերով տրվել են կարգադրագրեր՝ թերությունների վերացման համար։

Հավելենք նաև, որ նշված երեք օբյեկտներում էլ հրդեհային անվտանգության կանոնների խախտումների համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են որոշումներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար»։

 

Այս թեմայով
am